2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 19

Սկիզբը` այստեղ 

Հոդվածաշարի նախորդած մասի վերջաբանում Մոսկվայում երեկ ընթացող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցությունների առնչությամբ այն կարծիքն էինք արտահայտել, որ Եվրոպայում հավասար անվտանգության ապահովման հետ կապված ճգնաժամի, ինչպես նաև Դոնբասում ներուկրաինական ճգնաժամի (նկատենք` դրանով իսկ գրեթե անխուսափելի պատերազմի կանխման) լուծումը, ցավոք, Մակրոնի կամ Ֆրանսիայի ջանքերից չի կախված, վճռորոշը, առավել կարևորը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի դերակատարությունն է, որը հակառակ` պատերազմի ուղղությամբ է:

Մոսկվան նույնպես, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կրեմլը, «վճռական փոփոխություններ» չէր սպասում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումից։ Այսօր հրապարակված տեղեկությունները հաստատեցին վերոնշյալը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է «Financial Times» (FT) գրածը, ըստ որի, Պուտինը և Մակրոնը համաձայնության են եկել Եվրոպայում լարվածությունը նվազեցնելու համար, սակայն Մոսկվան սպասում է Վաշինգտոնի կողմից իր պայմանների հաստատմանը: FT–ն գրել է նաև, թե Մակրոնը և Պուտինը պայմանավորվել են լայն երկխոսություն վարել ռուսական զորքերի տեղակայման շուրջ և այն մասին, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի շուրջ նոր ռազմական նախաձեռնություններ չեն լինի:

«Այստեղ «Financial Times»-ը, իհարկե, ըստ էության սխալ է գրել,- հայտարարել է Պեսկովը:- Որովհետև ստեղծված իրավիճակում Մոսկվան ու Փարիզը չկարողացան որևէ գործարք կնքել։ Դա պարզապես հնարավոր չէ: Ֆրանսիան և՛ ԵՄ անդամ է, և՛ ԵՄ նախագահող, Ֆրանսիան նաև ՆԱՏՕ-ի անդամ է, որտեղ Ֆրանսիան չի ղեկավարում։ Ղեկավարությունն այս դաշինքում բոլորովին այլ երկրին է պատկանում։ Իսկ ի՞նչ գործարքների մասին կարող ենք խոսել։ Ուստի թերթն ուղղակի սխալ է գրել»։

Մոսկվայում բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Մակրոնը չեն նշել ձեռք բերված որևէ պայմանավորվածության մասին, ինչը հուշում է այս կամ այն լուրջ պայմանավորվածության բացակայության մասին: Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ իր ռուս գործընկերը պատրաստ է քննարկել Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացումը։ Թերևս միակ պայմանավորվածությունը կարելի է համարել այն, որ Մակրոնը և Պուտինը պայմանավորվել են հեռախոսազրույց ունենալ այսօր Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահների բանակցություններից հետո:

Թեև Պուտինը, РБК-ի տեղեկացմամբ, ասել է, որ Մակրոնի մի շարք առաջարկներ կարող են լինել «մեր հետագա համատեղ քայլերի հիմքը», սակայն նկատենք, որ ՆԱՏՕ-ում, ինչպես նաև ներկայիս աշխարհակարգում (արևմտյան թևից) վճռորոշը ԱՄՆ-ի կամ ամերիկա- անգլիական տանդեմի խոսքն է: Պուտինը հենց ինքն է միաժամանակ նշել, որ Մակրոնի այդ առաջարկների մասին հանգամանորեն խոսելը (դրանց ներկայացման մասին նշելուց բացի, ավելին ասելը) կարող է դեռ վաղ լինել:

Որոշակի տեղեկությունների վերլուծության հիման վրա կարող ենք կանխատեսել նաև, որ Նորմանդական քառյակի շրջանակում տարվող բանակցությունները, որոնք Դոնբաս Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը, ինչպես նաև դրանից հետո ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմը կանխելու թերևս վերջին հնարավորությունն են, նույնպես անարդյունք են լինելու. Ուկրաինան հրաժարվելու է Մինսկի համաձայնագրերով իր ստանձնած պարտավորությունների կատարումից, մինչդեռ Ռուսաստանը դեմ է լինելու համաձայնագրերի ցանկացած էական խմբագրմանը, պնդելու է դրանց կատարման անհրաժեշտությունը և առանց այդ համաձայնագրերի կատարման, Դոնբասում ներուկրաինական ճգնաժամի հաղթահարման անհնարինությունը:

Կիևը պետք է կատարի Մինսկի համաձայնագրերով իր պարտավորությունները, РБК-ի փոխանցմամբ, ասել է Դմիտրի Պեսկովը: Պուտինը Մակրոնի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում հիշել կամ հիշեցրել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու խոսքերը, ըստ որի, իրեն դուր չի եկել մինսկյան պայմանավորվածությունների ոչ մի կետ։ Պուտինն ասուլիսում  մեկնաբանելով դա, ասել է. «Դե, քեզ դուր է գալիս, դուր չի գալիս, դիմացիր, իմ գեղեցկուհի։ Պետք է կատարել»։

Մեկնաբանելով Պուտինի խոսքը` «Պետք է կատարել», Պեսկովն ասել է, որ եթե պետությունը պարտավորություն է ստանձնել, ապա այդ պարտավորությունը պետք է կատարվի: Համատեղ ասուլիսում Պուտինն ասել է նաև, որ «Կիևի իշխանությունները գնացին Մինսկի պայմանավորվածությունների ապամոնտաժմանը. Բայց Մինսկի պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, այն պետք է կյանքի կոչվի, այլ ճանապարհ չկա»։

ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պետր Իլյիչևը, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահների հարցը վերջնականապես փակված է և չի քննարկվում: Պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան անհրաժեշտ համարո՞ւմ է ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկել ռուս-ուկրաինական սահման (ինչը, նկատենք, Կիևի պնդումը և Մինսկի համաձայնագրերը կատարելու` նույն համաձայնագրերով չնախատեսված նրա նախապայմանն է), Իլյիչևն ասել է.

«Ոչ, պետք չէ: Ներուկրաինական հակամարտությունում խաղաղապահները ոչինչ չեն լուծի: Ուկրաինացիները պետք է խոսեն Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հետ»:

«Ռուսաստանը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանն արևելքում նոր անդամների հաշվին,- Մակրոնի հետ երեկվա ասուլիսում, «Коммерсантъ»-ի տեղեկացմամբ, ասել է ՌԴ նախագահը:- Ռուսաստանի Դաշնության ագրեսիվության մասին հայտարարությունները «չեն համապատասխանում առողջ տրամաբանությանը», քանի որ «մենք չենք շարժվում դեպի ՆԱՏՕ, այլ ՆԱՏՕ-ն է գալիս դեպի մեզ»։

«Եթե ​​Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին և փորձի վերադարձնել Ղրիմը ռազմական ճանապարհով, դա կհանգեցնի արևմտյան երկրների հետ պատերազմի, որում հաղթողներ չեն լինի»,- ասել է Պուտինը ու դրանով շատ պարզ ակնարկել միջուկային պատերազմի հնարավորության կամ վտանգի մասին:

ՌԴ նախագահն իր այս համոզմունքը բացատրել է նրանով, որ եվրոպական երկրները չեն ճանաչում Ղրիմը որպես ռուսական, և որ Կիևն իրեն իրավունք է վերապահում թերակղզին վերադարձնել ռազմական ճանապարհով։

Վերջին տեղեկությունները հաստատում են, որ ոչ միայն ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ղրիմը ռազմական ճանապարհով վերադարձնելու Ուկրաինայի հնարավոր փորձի, այլև Դոնբասի վրա Ուկրաինայի հարձակման և ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի բռնկման դեպքում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ կողմերի կամքից անկախ հանգամանքների բերումով բախումը թեև քիչ հավանական, բայց բացառված չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան