2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 21

Սկիզբը` այստեղ 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկյան NBC հեռուստաալիքին փետրվարի 10-ին ասել է, որ ամերիկացիները պետք է հեռանան Ուկրաինայից «հենց հիմա»։ Նրա խոսքով՝ այս երկրում իրավիճակը «կարող է շատ արագ դուրս գալ վերահսկողությունից»։ Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ էր տվել անհապաղ լքել Ուկրաինան «ռուսական ռազմական գործողությունների մեծացման սպառնալիքի, ինչպես նաև COVID-19-ի պատճառով»։

Նրանց, ովքեր որոշում են մնալ Ուկրաինայի տարածքում, Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել «իրավիճակի սրման դեպքում ավելացված զգուշություն ցուցաբերել հանցագործության, քաղաքացիական անկարգությունների և հնարավոր ռազմական գործողությունների առնչությամբ»:

Պետդեպարտամենտը նախազգուշացում է հրապարակել` ԱՄՆ քաղաքացիներին կոչ անելով չայցելել Ուկրաինա «ռուսական ռազմական գործողությունների և COVID-19-ի աճող սպառնալիքի պատճառով»։

Երեկ երեկոյան Ջո Բայդենն արևմտյան մյուս առաջնորդներին ասել է, որ «Ռուսաստանը ֆիզիկական հարձակում կսկսի արդեն փետրվարի 16-ին»: Սակայն, ըստ «Politico» թերթի, նախագահի զրուցակիցները թերահավատորեն են վերաբերվել ամերիկյան հետախուզությանը։

ԱՄՆ նախագահի և Պետդեպարտամենտի վերոնշյալ հայտարարությունները հուշում են, որ Դոնբասում կամ ՌԴ դեմ Ուկրաինայի, ամերիկաուկրաինական (ԱՄՆ-ի հետ համատեղ ծրագրած), ամերիկաբրիտանական կամ զուտ ամերիկյան սադրանքի ժամանակը հեռու չէ:

Այս համապատկերին Հյուսիսատլանտյան դաշինքն ուժեղացնում է իր ներկայությունը Ռուսաստանի սահմանների մոտ։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 3000 զինծառայող է տեղափոխում Լեհաստան և չորս ականակիր է ուղարկում Եվրոպա։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 10-ին հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինայից ՌԴ դիվանագետների մասնակի տարհանումը, քանի որ ավելի վաղ նմանատիպ միջոցներ են ձեռնարկվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից։

Ռուսական կողմը բազմիցս հերքել է Ուկրաինա ներխուժելու ծրագրերի առկայությունը, որոնք Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից անհիմն կերպով վերագրվում են իրեն: ՌԴ-ն մերժել ու մերժում է նմանաբնույթ բոլոր պնդումները և հիշեցնում, որ Կիևը չի կատարում Մինսկյան համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները (մինսկյան պայմանավորվածությունները). ուկրաինական իշխանությունները բանակի անձնակազմի կեսը կենտրոնացրել են շփման գծի մոտ և արգելված զինատեսակներից կրակում են աշխարհազորայինների վրա։

Ռուսաստանում քանիցս նշել են, որ «ռուսական ագրեսիայի» մասին տեղեկատվական լցոնումը կարող է լինել Դոնբասի դեմ հնարավոր սադրանքի նախապատրաստման շրջանակում, և նշել, որ այն նաև ունի նաև Ռուսաստանի սահմանների մոտ օտարերկրյա ռազմական խմբավորում ստեղծելու նպատակ։ Կրեմլը և ՌԴ ԱԳՆ-ն բացատրել են, որ իրավիճակի սրման հիմնական պատճառը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ այլ պետությունների գործողություններն են, որոնք զենք են մատակարարում Ուկրաինային՝ դրանով իսկ մղելով ռազմական արկածախնդրության։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ ասել էր, որ Արևմուտքը համակարգված տեղեկատվական հարձակում է իրականացնում Ռուսաստանի նկատմամբ՝ երկիրը ներքաշելու Ուկրաինայի հետ պատերազմի մեջ։

«Սպիտակ տան հիստերիան ավելի բացահայտ է, քան երբևէ,- ասել է Զախարովան:- Անգլո-սաքսոններին պատերազմ է պետք. Ցանկացած գնով: Սադրանքները, ապատեղեկատվությունն ու սպառնալիքները սեփական խնդիրները լուծելու սիրելի մեթոդ են։ Ամերիկյան ռազմաքաղաքական մեքենայի գլանիվը («կատոկը») պատրաստ է նորից անցնել մարդկանց կյանքերի վրայով։ Ամբողջ աշխարհը հետևում է, թե միլիտարիզմն ու կայսերական հավակնություններն ինչպես են իրենք իրենց բացահայտում»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադառնալով ավելի վաղ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի և այլ երկրների կողմից Ուկրաինայից իրենց դեսպանատների աշխատակիցների ընտանիքներին, ինչպես նաև դեսպանատների աշխատակիցների մի մասին դուրս հանելու փաստին, հավելել է. «Հաշվի առնելով այն զգալի ազդեցությունը, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ունեն Ուկրաինայի վրա, և ընդհանրապես նրանց դերը Կիևում գործընթացները կառավարելու գործում, մենք եզրակացնում ենք, որ բրիտանացի և ամերիկացի գործընկերներն ակնհայտորեն տեղեկություններ ունեն Ուկրաինայում սպասվող ռազմական գործողությունների մասին, որոնք կարող են էապես բարդացնել իրավիճակն անվտանգության ոլորտում»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես չի բացառել Դոնբասի նկատմամբ սադրանքների հնարավորությունը, զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու։

Ըստ վերջին տեղեկությունների (Lenta.ru-ի հաշվարկով), մոտ 20 երկրներ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել լքել Ուկրաինայի տարածքը՝ ռազմական բախման մտավախության պատճառով: Միացյալ Նահանգները կոչ է արել դա անել 24-48 ժամվա ընթացքում։

Մասնավորապես, Ուկրաինայից հեռանալու կոչով հանդես են եկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Լատվիայի, Իսրայելի, Կանադայի, Հունաստանի, Նոր Զելանդիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի, Ֆինլանդիայի, Չեռնոգորիայի, Էստոնիայի իշխանությունները։ Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Բելգիայի, Գերմանիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները կոչ են արել իրենց քաղաքացիներին վերադառնալ Ուկրաինայից՝ անվտանգության «լուրջ ու անկանխատեսելի‰ իրավիճակի պատճառով»։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան