ԱՄՆ-ը հրաժարվում է Ռուսաստանին զիջումներ անել անվտանգության հարցերում

ԱՄՆ վարչակազմը մտադիր չէ որևէ զիջումներ անել Ռուսաստանին անվտանգության հարցերում՝ համարելով, որ այդ բանակցություններում առաջընթացը հնարավոր է միայն փոխադարձ քայլերի հիման վրա, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այստեղ առանցքային կետն այն է, որ մեր ձեռնարկած ցանկացած քայլ զիջում չի լինի, դրանք պետք է արվեն փոխադարձ հիմունքներով։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը նույնպես պետք է ինչ-որ բան անի մեր անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա հերթական ճեպազրույցի ժամանակ։

Փրայսը հավելել է, որ նախքան նման քայլեր ձեռնարկելը, Վաշինգտոնը զգուշորեն կխորհրդակցի գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ։ «Մենք լիովին թափանցիկ ենք մեր ուկրաինացի գործընկերների հետ քննարկվող հարցերի և նման փոխգործակցության արդյունքում առաջընթացի առնչությամբ»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։