Շնորհակալ ենք ՀՀ-ի ղեկավարությանը ԵԱՏՄ-ում տնտեսական ինտեգրացիային ուղղված դիրքորոշման համար

Հայ-ռուսական համալսարանում (ՀՌՀ) տեղի ունեցավ «Ֆինանսական ինտեգրացիայի խորացումը ԵԱՏՄ-ում» խորագիրը կրող միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների առաջատար տնտեսագետներ, բարձրաստիճան հյուրեր և պաշտոնյաներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից։

Գիտաժողովին մասնակցում էին՝ ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իրական անդամ (Ակադեմիկոս) Էդվարդ Սանդոյանը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը: Գիտաժողովին մասնակցում էր նաև Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Մինչ միջազգային գիտաժողովի մեկնարկը, տեղի ունեցավ համալսարանի նորակառույց լողավազանի, ինչպես նաև ՀՌՀ թանգարանի շենքի 6-րդ հարկում տեղակայված ռուսագիտության կենտրոնի, նիստերի փոքր դահլիճի, դատական նիստերի դահլիճի բացման արարողությունը։

Գիտաժողովի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը, ով, շնորհակալություն հայտնելով գիտաժողովի բարձրաստիճան հյուրերին և մասնակիցներին, նշեց, որ համալսարանի նոր հատվածների բացումը տեղի է ունենում ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության հետ համագործակցության և նրա ջանքերի շնորհիվ։

Գիտաժողովի բացման արարողության մասնակիցներից էր նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Ռուզաննա Վարդանյանն, ով ընթերցեց փոխվարչապետի ողջույնի խոսքն՝ ուղղված միջազգային գիտաժողովի մասնակիցներին։

Ուղերձում, մասնավորապես, նշվեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջև իրականացվող առևտրաշրջանառության կայունության և դրամական ռիսկերից խուսափելու առումով կարևոր է եղել կազմակերպության ներսում ազգային դրամական արժույթների օգտագործման աճը։

«Մենք չպետք է մոռանանք, որ նոր ֆինանսական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ի հայտ են գալիս ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ նոր վտանգներ։ Այս նպատակով անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ֆինանսական ոլորտի կիբեռանվտանգությանը․․․»,- նշվեց փոխվարչապետի ուղերձում։

Եզրափակելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղերձը՝ Ռուզաննա Վարդանյանը նաև նշեց, որ գիտաժողովը եզակի հնարավորություն է ընձեռում ոչ միայն գիտելիքի փոխանակման համար, այլև հանդիսանում է համագործակցության արդիական հարցերի քննարկման, նոր մոտեցումների ուսումնասիրության, ինչպես նաև ֆինանսական ոլորտի համագործակցության նորարար որոշումների կայացման հարթակ։

Գիտաժողովի բացման արարողությանն իր հեռավար մասնակցությունն ունեցավ նաև ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը, ով  տեսաուղերձի միջոցով ողջունեց մասնակիցներին և հյուրերին՝ մաղթելով արգասաբեր և կառուցողական քննարկում։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայ-ռուսական համալսարանին միջոցառման անցկացման գաղափարի և քննարկվող թեմաներին ուշադրություն դարձնելու համար։ Հարգելի մասնակիցներ, գիտաժողովի ընթացքում դուք կանդրադառնաք ԵԱՏՄ-ի ֆինանսական կարգավորումների տարբեր ասպեկտների, այդ թվում՝ մակրոէկոնոմիկային, տնտեսական զարգացմանը, կազմակերպության անդամ երկրների օրենսդրական ներդաշնակեցումներին, մարտահրավերներին և անդամների նոր հնարավորություններին»,- նշեց նա տեսաուղերձում։

ՌԴ փոխվարչապետն անդրադարձավ նաև ԵԱՏՄ տնտեսական ցուցանիշներին՝ ընդգծելով, որ կազմակերպությունը ցույց է տվել զարգացման շատ բարձր արդյունքներ։

«2023 թվականին կառույցի անդամ երկրների համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ունեցել է 3, 80 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ Եվրոպական միությունում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 0,5 տոկոս»,- նշեց Օվերչուկը՝ հավելով, որ կառույցի անդամ պետություններն այսօր կառուցում են ընդհանուր ապագա։

ՌԴ փոխվարչապետը հայտարարեց, որ անդամ երկրներն ունեն բոլոր համապատասխան բաղադրիչները կառույցի հետագա հաջողությունն ապահովելու համար։

«Այս տարի մենք նշում ենք ԵԱՏՄ-ի ստեղծման պայմանագրի ստորագրման 10-ամյակը, իսկ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է կառույցի նախագահող (խմբ․ 2024 թվականին) երկիր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ղեկավարությանը դաշինքում տնտեսական ինտեգրացիայի ուղղությամբ դրսևորած ակտիվ դիրքորոշման համար»,- եզրափակեց նա։

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին ևս շնորհակալություն հայտնեց համագործակցության և գիտաժողովի կազմակերպման համար։

«ԵԱՏՄ պայմանագրի համաձայն՝ կառույցում գոյություն ունի 4 ազատություն՝ ապրանքների տեղափոխման, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի։ Նախորդ տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ գիտության ազատության ավելացման նախաձեռնությամբ », – ընդգծեց Մոգիլևսկին։

Նա կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է աշխատել և համագործակցել Հայաստանում Հայ-ռուսական համալսարանի հետագա զարգացման և ընդհանրապես կրթության ոլորտի բարելավման ուղղությամբ։ Նա հավելեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև այս առումով գոյություն ունի ինստիտուցիոնալ առումով մշտական կապ։

Փոխնախարարը հայտնեց, որ, հիմք ընդունելով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի հրամանները, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի հետ նախօրեին տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ստորագրվել է համատեղ հրաման, որի համաձայն երկարաձգվել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի կառավարման ժամկետը՝ 4 տարով։