Երկու տարի առաջ առկա քարտեզները գոյություն չունեն. կամ ոչնչացվել են, կամ իշխանությունը թաքցնում է․ Տիգրան Աբրահամյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց (տեսանյութ)

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում հայտարարեց․

«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով:

Առաջին կետում իշխանությունը նշում է, մեջբերում եմ` «Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա»: Սա բացարձակ սուտ է:

Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․ արձանագրությունն է, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հողօգտագործման և հողաշինարարության գերատեսչությունների ղեկավարների կողմից և հաստատվել երկու երկրների կառավարության ղեկավարների առաջին տեղակալների կողմից:

Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը հաստատել էր լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը: Արձանագրությանը կցված է եղել 182 սահմանազատման քարտեզ, որը վերաբերում էր 975 կմ սահմանի երկայնքին: Ընդ որում, քարտեզները շատ ճշգրիտ էին` մեկ սանտիմետրում արտացոլված էր 250 մետր:

Արձանագրության և քարտեզների բնօրինակը հանձնվել է Մոսկվային, իսկ երեքական պատճեն տրվել է Հայաստանին և Ադրբեջանին:

Ինչո՞ւ են այդ քարտեզները կարևոր: Օրինակ, թեկուզ այն պատճառով, որ նույն Տավուշի հետ կապված՝ Արձանագրության 6-րդ կետում նշված է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծության տարածք։

Կարծում եմ, որ բոլորին էլ պարզ է, թե ինչ կարևորություն ունեն այդ քարտեզները: Մեր ձեռքի տակ է պաշտոնական փաստաթուղթ, որ 2022 թվականին այդ քարտեզները դեռևս պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում:

Միաժամանակ մեր ձեռքի տակ է նաև մեկ այլ պաշտոնական փաստաթուղթ, որ այդ քարտեզները այս պահին արդեն առկա չեն: Փաստորեն` 2 տարի առաջ առկա փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն:

Եվ եթե փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն, ապա հարց է առաջանում, թե ինչով է առաջնորդվում ներկայումս Հայաստանի կառավարությունը, օրինակ` ստրատեգիական անչափ մեծ կարևորություն ունենցող Բաղանիսի և Ոսկեպարի տեղամասում սահմանազատում կատարելիս։

Նաև այս հանգամանքն է, որ համոզմունք է ձևավորում, որ սահմանների ճշգրտման անվան տակ սեփական իշխանությունը երկարաձգելու համար ընդամենը միակողմանի զիջումներ են իրականացնում, որոնք ուղիղ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը:

Կադաստրի ենթակայության տակ գտնվող պետության համար կարևորություն ներկայացնող քարտեզները կամ ոչնչացվել են, կամ իշխանությունը փորձում է դրանք թաքցնել:

Երկու դեպքում էլ խոսքը գնում է առանձնապես ծանր քրեական հանցագործության մասին:

Դատախազությունը պետք է այս հայտարարությունը ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում»: