«Օղակ» գործողությունն ընդգրկում էր ոչ միայն Արցախն ու Խորհրդային Ադրբեջանի հայաբնակ շրջանները, այլև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հայտարարությունը

«Օղակ» գործողության 33-րդ տարելիցի կապակցությամբ

33 տարի առաջ՝ 1991թ. ապրիլի 30-ին, ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները և Խորհրդային Ադրբեջանը նախաձեռնեցին «Օղակ» ռազմաոստիկանական լայնամասշտաբ գործողությունը, որն ապրիլ-օգոստոս ամիսներին համատեղ իրականացրին ԽՍՀՄ բանակային ստորաբաժանումները, ՆԳՆ ներքին զորքերը և Ադրբեջանի ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ՕՄՕՆ)։

«Անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով իրականացվող գործողությունը նպատակ ուներ ճնշել ու ահաբեկել հայերին ու հայաթափել հայկական բնակավայրերը։ «Օղակ» գործողությունն ընդգրկում էր ոչ միայն Արցախն ու Խորհրդային Ադրբեջանի հայաբնակ շրջանները, այլև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը։

Չնայած գործողության պաշտոնական մեկնարկը համարվում է ապրիլի 30-ը, սակայն դրա նախապատրաստական աշխատանքները սկսվել էին շատ ավելի վաղ՝ 1988-90 թվականներին Շահումյանի շրջանի ու Գետաշենի ենթաշրջանի մի շարք հայկական բնակավայրերի դեմ նպատակաուղղված հարձակումներով ու ոտնձգություններով։

1991թ. ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Մարտունաշենի ու Գետաշենի շրջապատմամբ ու գնդակոծմամբ մեկնարկում է «Օղակ» գործողությունը։ Հայկական բնակավայրերն «օղակվում» էին խորհրդային բանակի և ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների կողմից, այնուհետև ներխուժում էին ՕՄՕՆ-ականները՝ բնակիչներին ենթարկելով ահաբեկումների, բռնությունների ու բռնի տեղահանության։

«Օղակ» գործողության հետևանքով ավերվեցին ու հայաթափվեցին Հյուսիսային Արցախի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների տասնյակ գյուղեր, սպանվեց ավելի քան 100 մարդ, պատանդառվեց մի քանի հարյուր հոգի։

«Օղակ» գործողությունը 1988-1990 թվականներին Արցախում ու Խորհրդային Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայերի նկատմամբ իրականացված ագրեսիայի ու բռնությունների շարունակությունն էր։ Այդ քաղաքականության վերջնանպատակն էր հայերին իրենց բնօրրանից՝ Արցախից վտարելը, ինչն ամբողջությամբ իրականացվեց 2020-2023 թվականներին։ Դա հնարավոր դարձավ նաև միջազգային հանրության անբավարար արձագանքի և Ադրբեջանին զսպելու համարժեք մեխանիզմներ չներդնելու հետևանքով։