Բաքուն կողմ է Երևանի հետ ուղիղ, երկկողմ բանակցություններին․ Բայրամով

Ադրբեջանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ ուղիղ, երկկողմ բանակցությունների օգտին։ Կատարի մայրաքաղաք Դոհայում «Արաբական պետությունների Լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջան» տնտեսական ֆորումի երրորդ նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա շեշտել է, որ բանակցությունների նման ձևաչափը Բաքուն առավել արդյունավետ տարբերակ է համարում։

«Այսպիսի բանակցություններն իրենց դրսևորել են որպես առավել արդյունավետ և հաջողված լուծում՝ փոխընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից։

Դրանք ուղղված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ձեռքբերմանը, ինչի մասին են վկայում սահմանազատման հարցերով երկու երկրների հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները»,- ասել է Բայրամովը։