Արա Սաղաթելյանի դեմ գործն անձամբ ուղղորդում է Փաշինյանը. Միհրան Հակոբյան

«Արա Սաղաթելյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում  ներկայում վարչապետի աթոռը զբաղեցնողի ու Թուրքիայի, Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունների համատեքստում»,- Վերաքննիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքագետ Միհրան Հակոբյանը։

Միհրան Հակոբյանի խոսքով. «Հայաստանում պետք է  մեկուսացվեն բոլոր այն մարդիկ, ովքեր Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայկական քաղաքականությանը դիմագրավելու, դրա դեմ քայլեր ձեռնարկելու գիտելիքներ ունեն»։

Նա նաև նշեց, որ վերջին երեք տարիներին Հայաստանում չկա մի քաղաքական հետապնդում, որն անձամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրահանգով ու նրա ուղղորդմամբ չիիրականացվի։

Նշենք, որ այս պահին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի գլխավորությամբ քննում է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։

Հիշեցնենք, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին:

Փետրվարի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Արա Սաղաթելյանին՝ բավարարելով քննիչի միջնորդությունը:

Արա Սաղաթելյանին մեղադրում են ՀՀ ՔՕ 226 (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով:

Արա Սաղաթելյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբանները պնդում են, որ Արա Սաղաթելյանին կալանավորելու դատարանի որոշումը կայացվել է քաղաքական ճնշման ներքո։