Մարտի 1-ը մանկական թոթվանք է՝ համեմատած այն ամենի հետ, ինչ հիմա է կատարվում. Քոչարյան. armeniasputik.am

Հայաստանի իշխանությունները չեն վերացնում երկրում ռազմական դրությունը, որպեսզի թույլ չտան անվստահության քվե հայտնել իրենց:

Այս մասին այսօր ռուսական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է armeniasputik.am-ը։

«Մարտի 1-ը մանկական թոթվանք է՝ համեմատած այն ամենի հետ, ինչ հիմա է կատարվում: Մենք արդեն մեկ տարի է, ինչ ապրում ենք արտակարգ և ռազմական դրության պայմաններում: Արդեն 4 ամիս է պատերազմ չկա, իսկ Հայաստանում դեռ ռազմական դրություն է: Եվ ամբողջ հարցը այն է, որ թույլ չտան խորհրդարանն անվստահություն հայտնի վարչապետին», – նշել է Քոչարյանը՝ հավելելով, որ հիմնավոր հարց է առաջանում, թե սա սահմանադրական կարգի տապալո՞ւմ է, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործին, Ռոբերտ Քոչարյանը պարզաբանել է, որ իշխանությունները չեն նախատեսում ավարտել դատավարությունը, նրանք ցանկանում են այն ձգձգել 7-8 տարի:

Երկրորդ նախագահը նշել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր փաստաբանները չեն հասկանում իրեն առաջադրված մեղադրանքի էությունը սահմանադրական կարգը տապալելու համար, մասնավորապես, 2008 թվականին արտակարգ դրություն մտցնելու նախկին նախագահի որոշման առնչությամբ։

«Ես դեռևս չեմ հասկանում մեղադրանքի էությունը»,- ընդգծել է Քոչարյանը և նշել՝ այդ ժամանակ անկարգություններ են եղել, որոնց ընթացքում զգալի թվով ոստիկաններ են վիրավորվել: