Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին. Մարիա Զախարովա

Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովստին»:

«Մեր դիրքորոշումը հավասարակշռված, հստակ և միանշանակ է, որին մենք դավանում ենք և՛ արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններում, և՛ մեր արտաքին քաղաքականության մեջ, որի նպատակն է ստեղծել փոխգործակցություն առանձին երկրների, պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ. ներքին գործերին չխառնվելը։  Այն ինքնիշխան պետության (Հայաստանի-խմբ․) ներքին գործն է, այս երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթաց է, այլ գնահատական լինել չի կարող»,- ասել է Զախարովան «Говорит Москва» ռադիոյի եթերում` պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Խոսելով այն մասին, թե Ռուսաստանը կարող է դառնալ միջնորդ Հայաստանում իրավիճակի կարգավորման համար, Զախարովան շեշտել է, որ այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, «ինքնիշխան պետության ներքին գործն է»։

«Կան տարբեր քաղաքագիտական գնահատականներ, բայց մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- ավելացրել է նա: