Թե ինչ է կատարվել Շուշիում, անհասկանալի է․ ինչ եղավ, եղավ վերջին օրերին. Արտակ Դավթյան. «Իրավունք»

«Օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնի հարցազրույցում, խոսելով արցախյան վերջին պատերազմի ու պարտության պատճառների մասին, քանիցս ակնարկեց, որ գլխավոր շտաբի պետը ևս իր դերի մեջ չի եղել: Բայց միաժամանակ պարոն Սարգսյանը նաև ակնարկեց, որ ԳՇ պետը ցանկության դեպքում անգամ հազիվ թե կարողանար ամեն ինչ տեղը-տեղին անել այն պարզ պատճառով, որ պարզապես չուներ համապատասխան փորձ: Ավելին, որ ԳՇ պետի գերհաճախակի փոփոխությունը հենց նման արդյունքի էլ պետք է տաներ:

«Երկու տարում փոխել երեք գլխավոր շտաբի պետ: Գլխավոր շտաբի պետը ձեզ համար խաղալի՞ք է…»,- ընդգծեց երրորդ նախագահը:

Ուրեմն, ի՞նչ են մտածում ՀՀ ԳՇ նիկոլյան ժամանակաշրջանի պետերն այդ մասին: 44-օրյա պատերազմի բացթողումների, Շուշիի առեղծվածի, բանակի առաջնահերթությունների, և թե որքանո՞վ է բանակը առկա ռեսուրսներով պատրաստ հնարավոր մարտահրավերներին, հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից:

-Պարո՛ն Դավթյան, ինչու 44-օրյա պատերազմը ավարտվեց նման ելքով՝ հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորած հերոս տղաներ, գերեվարվածներ և Արցախի տարածքի զգալի  կորուստներ: Ո՞րն էր այս պարտության գլխավոր բացթողումը:

-44-օրյա պատերազմում եղել են և՛ թերություններ, որոնք, այո՛, կարող էին չլինել, և՛ բացթողումներ: Բայց որպեսզի կարողանանք մանրամասն ներկայացնել բացթողումների պատճառները, պետք է ներսից տիրապետել հստակ տվյալների, որոնք, ցավոք, ես չունեմ:

Ես կարող եմ մի բան հստակ ասել, հակառակորդը եղել է բավականին ուժեղ, մենք էլ թույլ չենք եղել: Զինվորը, սպան պայքարել են մինչև վերջին շունչը: Ի վերջո, 44 օր մարտական գործողություններ են իրականացվել, և ամբողջ մարտական գծի երկայնքով հակառակորդը հաջողություններ չի ունեցել: Ինչ որ եղավ, եղավ վերջին օրերին, ինչ-որ բան այնպես չգնաց: Չեմ կարող ասել ինչ, որովհետև ինքս տեղյակ չեմ մանրամասներին, բայց այդ մանրամասները, բացթողումները պետք է անպայման վեր հանվեն: Ինքս պատրաստ եմ ներգրավվել ստեղծվելիք հանձնաժողովում, որպեսզի վեր հանենք պատերազմի արդյունքների պատճառները:

-Պարո՛ն Դավթյան, Շուշիի գրավումը շարունակում է առեղծված մնալ: Հետաքրքիր է Ձեր տեսակետը՝ Շուշին գրավվե՞ց, թե հանձնվեց:

-Շուշիի հետ կատարվածն ինձ համար առաջին հերթին մեծ ցավ է, ողբերգություն: Թե ինչ է կատարվել Շուշիում, ինչպես էր հակառակորդը հասել այնտեղ, այդ հարցի պատասխանը անգամ Շուշիում եղած զինվորականների համար է անհասկանալի: Այնպես որ, ինչպես ողջ պատերազմի նման ելքի, այնպես էլ Շուշիի հետ կատարվածը պետք է մանրամասն ուսումնասիրվի: Այս պահին զերծ կմնամ ինչ-որ եզրակացություններ անելուց:

-Առկա ռեսուրսներով բանակը պատրա՞ստ է դիմակայել հակառակորդի մարտահրավերներին՝ հաշվի առնելով, որ մենք տեսնում ենք, որ Ալիևի ախորժակը գնալով մեծանում է:

-Եթե նկատի ունեք նորից նման կարգի պատերազմներ վարելուն, ապա շատ դժվար կլինի մեզ համար: Բանակը ցանկացած պարագայում պատրաստ է իր առջև դրված խնդիրը կատարելուն, հիմա այդ խնդիրը ինչքանո՞վ է կլինի արդյունավետ, կամ որքա՞ն կորուստներ կունենանք, դա երկրորդ հարցն է: Իսկ, ընդհանուր առմամբ, բանակը, եթե ունենա անգամ մեկ ստորաբաժանում և մեկ զորամաս, միևնույնն է պատրաստ է իր խնդիրը կատարելուն: Նորից եմ կրկնում, եթե մարտահրավեր ասելով նկատի ունենանք այսօրվա սահմանների պահպանումը, ապա այո, միանշա-նակ կարող է իրականացնել: Եթե վաղը, մյուս օրը նման կարգի պատերազմ վարելը նկատի ունենանք, ապա շատ դժվար կլինի արդյունքները կանխատեսել: 

-Պարոն Դավթյան, 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր բանակը, այնուամենայնիվ պատրաստ չէ հինգերորդ սերնդի պատերազմներին: Որոնք են այսօր բանակի առաջնահերթությունները:

-Իմ համոզմամբ՝ բանակը առաջին հերթին պետք է դուրս գա այս ծանր վիճակից հոգեբանորեն, չվերցնի իր վրա պարտվածի հոգեբանությունը: Առաջնահերթ խնդիր եմ համարում մարտական ծառայության կազմակերպումը նոր բնագծերով: Զինված ուժերի առաջնահերթությունների մեջ բացի սպառազինության, ռազմական տեխնիկայի համալրումից, կարևոր տեղ պետք է հատկացվի սպայական կազմի համալրմանը՝ հատկապես դասակի հրամանատարներով: Այս առումով մեծ աշխատանք է պետք կատարել, որպեսզի նորից հասկացությունը հավատա բանակին, ծառայությանը, որպեսզի հայորդիները նորից ցանկություն ունենան դառնալ սպաներ և շարունակեն ծառայությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: