Իրանը գրանցել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաջողությամբ գրանցվել է Իրանում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկ «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցվել է Իրանում: Այն հաստատվել է մեր սանիտարական մարմինների կողմից, և մոտ ապագայում, հուսով ենք, կկարողանանք գնել, ինչպես նաև համատեղ արտադրություն սկսել Ռուսաստանի և Իրանի համապատասխան հաստատությունների մասնակցությամբ»,- այս մասին Զարիֆը հայտարարել է մամուլի ասուլիսում՝ ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:

«Սպուտնիկ V» պատվաստանյութը հիմնված է մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված պլատֆորմի վրա և արդեն ստացել է կարգավորող հաստատում Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, ԱՄԷ-ում, Հունգարիայում, Սերբիայում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում և Թուրքմենստանում: Հնդկաստանում ռուսական դեղամիջոցն անցնում է փորձարկումների երրորդ փուլը, ըստ Մոսկվայում Հնկաստանի դեսպան Վենկատեշ Վարմայի, պատվաստանյութը նախատեսվում է գրանցել մի քանի շաբաթվա ընթացքում: ԵՄ-ում և ԱՀԿ-ում պատվաստանյութերի գրանցման գործընթացը արդեն նախաձեռնվել է:

Ինչպես նշել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, հաջորդ երկու շաբաթվա ընթացքում «Սպուտնիկ V» գրանցած երկրների թիվը կգերազանցի երկուսուկես տասնյակը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսի շուրջ 1,4 միլիոն դեպք է գրանցվել, հիվանդությունը խլել է 57,5 ​​հազար մարդու կյանք: