Վարորդները դադարեցրին գործադուլը և դուրս եկան երթուղի

Առավոտից գործադուլ իրականացնող ավտոբուսի վարորդները դադարեցրին գործադուլը և դուրս եկան աշխատանքի։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն պետ Էդգար Գալստյանը հանդիպեց վարորդների հետ, լսեց խնդիրները, ապա մտավ ղեկավարի մոտ։ Քիչ հետո դուրս եկավ ու վարորդներից պահանջեց՝ վերցնել ուղեգրերն ու անցնել գործի։ Վարորդները վերցրին փաստաթղթերն ու վարեցին ավտոբուսները։

Վարորդներից մեկը լրագրողներին հայտնեց, որ իրենց խնդիրները 99 տոկոսով լուծվել են։ «Աշխատավարձը բարձրացել է, առաջին շարքը բաց է լինելու, զուգարանների հարցը լուծվելու է, վարորդի վրա մուննաթ չեն գալու, թե՝ ստեղ կպահես»,- ասաց նա, սակայն չհրապարակեց, թե որքան է բարձրանալու աշխատավարձը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաղ առավոտից Երևանի փողոցներում կանգառներում կուտակումներ են, քանի որ վարորդները բոյկոտել են, և ավտոբուսները երթուղիներ դուրս չեն եկել: