Աբխազիան Վրաստանին առաջարկել է պետական սահմանի սահմանազատման ընթացակարգ սկսել

Անդրկովկասի անվտանգության և կայունության շուրջ ժնևյան միջազգային բանակցությունների 55-րդ փուլի ընթացքում, որը դեկտեմբերի 7-8-ին անցկացվել է Ժնևում, աբխազական կողմը վրացական պատվիրակության ներկայացուցիչներին առաջարկել է Վրաստանի հետ պետական սահմանի սահմանագծման ընթացակարգ սկսել՝ հետագա սահմանազատմամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Աբխազիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: «Նշվել է, որ սահմանների համաձայնեցման գործընթացը թույլ կտա բազմաթիվ հարցեր լուծել տեղերում և կարգավորել պետական սահմանը հատելու ընթացակարգը պաշտոնապես սահմանված անցակետերում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Սուխումի ներկայացուցիչները նշել են, որ շարունակում են գրանցել Վրաստանի քաղաքացիների կողմից աբխազա-վրացական սահմանի հատման ռեժիմը խախտելու հետ կապված կանոնավոր փաստեր:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «աբխազական կողմը հերթական անգամ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս երկրների ուղղակի աջակցությամբ Վրաստանի ռազմական ներուժի ուժեղացման կապակցությամբ»: «Առանձին ուշադրությամբ ընդգծվել է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև երկկողմ ռազմատեխնիկական փոխգործակցությունը, ամերիկյան ռազմանավերի կանոնավոր մուտքը Սև ծովի ջրատարածք, օտարերկրյա քաղաքացիների և ռազմանավերի կողմից Աբխազիայի Հանրապետության օդային տարածության մշտական խախտումը, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի ինտեգրման հեռանկարները: Ընդգծվել է, որ լարվածության էսկալացման նմանօրինակ աճը լուրջ սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»,-նշվում է հաղորդագրության մեջ: Անդրկովկասի անվտանգության և կայունության շուրջ ժնևյան միջազգային բանակցությունների հաջորդ՝ 56-րդ փուլը նշանակված է 2022 թվականի մարտի 29-30-ին: