Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու․ Արդարադատության նախարար

Կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծին: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացնելով փաթեթը, նշեց, որ դրա նպատակն ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է: Նրա խոսքով, ինքնակամ շինարարությունների գործընթացը տարիներ շարունակ բավարար չափով չի կարգավորվել, ինչի հետևանքով տարբեր քաղաքներում աղճատվել է քաղաքաշինական պատկերը և անվտանգության հետ կապված խնդիրներ են ծագել:

«Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու: Բայց քանի որ կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ կառուցված ինքնակամ շինությունները բոլորը քանդվեն և քաղաքացիները մեծ վնասներ կրեն, կա մի հստակ մեխանիզմ, որով նախատեսված է, թե ինչպես են օրինականացվելու մինչև օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները: ըստ այդ մեխանիզմի արագ պետք է գործողություններ ձեռնարկեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել հունվարի 1-ից սկսած մինչ օրենքի ուժի մեջ մտնելը: Նրանց տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի իրենց կադաստրի կոմիտե ներկայացնեն պահանջվող փաստաթղթերը, որն ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունն ավելի հստակ կսահմանի:

Դրանից հետո արդեն Երևանում կառուցված ինքնակամների համար տրված է ժամկետ մինչև 2023-ի հունվարի 1-ը, որպեսզի գան, հաշվառվեն: Այն համայնքներում, որտեղ կան քաղաքային բնակավայրեր, մինչև 2024 թվականն է ժամկետ տրված, իսկ գյուղական վայրերում մինչև 2025-ի հունվարի 1-ը»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, այսուհետ ավելի խիստ պատիժներ ու սանկցիաներ են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք չեն իրագործի տեսչական մարմինների պահանջները՝ կասեցնելու ապօրինի շինարարությունները, չեն ապամոնտաժի ու ազատի պետական հողերը:

«Հաջորդ փոփոխությունը այն է, որ եթե առաջ դատարան դիմելու դեպքում ավտոմատ կասեցվում էին վարչական մարմնի գործողությունները, ապա այս դեպքում դա ավտոմատ չի լինելու և միայն դատարանի հատուկ որոշում կարող է կասեցվել վարչարարությունը: Ժամկետները  բավարար են, որ մեր քաղաքացիները չտուժեն»,-ասաց նա:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասաց, որ ամբողջ դաշտային աշխատանքներն ավարտված են, տվյալների մշակման փուլում են գտնվում։

Ինչ վերաբերում է ժամկետներին, թե որ օրվանից հետո չեն իրականացվի ինքնակամ շինարարություն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այստեղ պետք է շատ հստակ լինեն և այնպիսի ժամանակային հատված չտան, որ մեծածավալ ապօրինի շինություններ լինեն։ «Հիմա մենք այս քննարկմամբ խթան ենք տալիս, որ բոլորը ամեն ինչ թողնեն, ապօրինի շինարարություն անեն, սենց բան ոնց կարելի է անել, չի կարելի նման բան անել։ Մենք հիմա իբր պայքարում ենք, բայց երաշխավորում եմ, որ ձեր նշած երեք ամսվա ընթացքում աննախադեպ մեծ ծավալի ապօրինի շինարարություն կսկսվի»,–ասաց նա։

Ի վերջո քննարկումից հետո որոշում կայացվեց նախագիծը անհետաձգելի ճանաչել, արտահերթ Ազգային ժողովի նիստ հրավիրել, արագացված ընթացակարգով ընդունել։ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նաև հարցի կարգավորման օպերատիվ շտաբ ձևավորել, որ ամենօրյա ռեժիմով բոլոր համայնքներից տեղեկություններ ստացվեն։