ԱՆ հրամանի սահմանադրականության հարցի դատաքննությունը հետաձգվեց

Սահմանադրական դատարանում սեփական միջոցներով պարտադիր թեստ հանձնելու կամ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցի դատաքննությունը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 16-ին։

Նշենք, որ ներկայացվել էին միջնորդություններ  պատասխանող կողմից հնգօրյա ժամկետում պահանջելով տվյալներ։ Միջնորդությունները բավարարվել էին․

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանում շարունակվեց երեկ մեկնարկած «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով դատաքննությունը։

Դիմողը՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, ՍԴ-ում վիճարկել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, ըստ որի աշխատողները կամ պետք է իրենց միջոցներով թեստ հանձնեն կամ կորոնավիրուսի դեմ պատվաստվեն։

ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի գնահատմամբ, նախարարի խայտառակ հրամանը հակասահմանադրական է, հարկադրանք աշխատողներին՝ կամ սեփական միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել,  խնդրել է բարձր դատարանին ճանաչել այդ հրամանը Սահմանադրությանը հակասող, անվավեր, «քանի որ նման ակտերը չպետք է տեղ գտնեն իրավական  համակարգում»: