Պետության սահմանները գծում են ոչ թե ինչ-որ քարտեզների հիման վրա, այլ միայն պետության անվտանգային շահերից ելնելով

Այն, ինչ կատարվում է հետպատերազմյան Հայաստանում` ապագայում կդառնա խոը ուսումնասիրությունների առարկա քաղաքագիտական ուսումնական հաստատություններում և վերլուծական կոնտրոններում։

Այո, առանց ավելորդ անգամ գույները խտացնելու՝ կարելի է արձանագրել, որ ներկայիս իշխանությունները, տանուլ տալով բոլոր ուղղություններով այն ամենը, ինչը հնարավոր է, և երբեմն նույնիսկ տապալելով այն, ինչը, կարծես թե, անհնարին էր տապալել, նախանձելի համառությամբ գեներացնում են այնպիսի գործընթացներ, որոնք անխուսափելի բերելու են այնպիսի իրավիճակի, որ արդեն շատ պարզ և հստակ օրակարգային հարց է դառնալու առհասարակ Հայսատանի և Արցախի Հանրապետությունների ֆիզիկական գոյության խնդիրը։

Դատեք ինքներդ։

Հայաստանի իշխանությունների այսօրվա օրակարգում գույություն ունի երեք  առանցքային հարց։

Այսպես կոչված «դելիմիտացիա», կրկին այսպես կոչված «կոմունիկացիաների ապաշրջափակում» և (կներեք կրկնելու համար) տրամաբանությունից դուրս աբսուրդային և անկապ (այո, հենց անկապ) «խաղաղության դարաշրջանի բացման» գործընթացի մեկնարկը Հայաստանի համար։

Սկսենք սկզբից։

  1. Դելիմիտացիան և դեմարկացիան ենթադրում են, որ նվազագույնը շահառու պետությունների միջև ընդհանուր մոտեցումներ և տեսլականի առկայություն, նվազագույնը միմյանց հանդեպ փոխադարձ ԸՆԴՈՒՆԵԼԻ լինելու սկզբունքային դիրքորոշման առկայություն։

Եվ եթե հայկական կողմը իրեն ուղղակի պատռում է մեջտեղից ու պատից պատ տալիս, որ ցույց տա ադրբեջանական կողմին իր «խաղաղասիրապուպուշ» կեցվածքը, ապա ադրբեջանական կողմը շատ հստակ հայտարարում է, որ հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ, և ի ապացույց իր խոսքերի` օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները։

Ընդ որում շատ կարևոր դիտարկում, ադրբեջանցիները, ըստ էության, չեն թաքցնում այն, որ ինչ-որ դեմարկացիաները իրենց համար չեն կարող հանդիսանալ խոչընդոտ` ապագայում զավթելու Հայաստանի ամբողջ տարածքը, ասեմ ավելին` Ադրբեջանում պետական մակարդակով արգելված է արտաբերել հայկական բնակավայրերի անվանումները, փոխարենը հրահանգված է անվանել բացառապես շինծու, թուրքալեզու անվանումներով։

Հիմա մի քիչ մտածեք՝ ինչո՞ւ է դա արվում ալիևյան նացիստական քարոզչամեքենայի կոզմից։

Բայց դե վերադառնանք դեմարկացիայի բուն խնդիրներին։

Հայաստանի գերարհեստավարժ և սուպերխաղաղասեր իշխանությունները, ըստ երևույթին տեղյակ չեն, որ օրինակ` Սիրիայի և Թուրքիայի միջև ամրագրված ու դեմարկացիա անցկացրած սահմանը ոչ մի կերպ խոչընդոտ չհանդիսացավ, որ թուրքերը ներխուժեն Սիրիայի ինքնիշխան տարածք ու հաստատեն օկուպացված տարածքներում իրենց իշխանությունը։ Մի գաղտնիք բացեմ բոլոր դեմարկացիամոլների համար, պետության սահմանները գծում են, ոչ թե ինչ-որ քարտեզների հիման վրա, այլ միայն և միայն պետության անվտանգային շահերից դուրս գալով։ Սա միակ սկզբունքն է, որի վրա պետք է հիմնվի նորմալ պետությունը։

Բացի դրանից հետաքրքիր է հետևել, թե ինչպես Հայաստանի իշխանությունները համառորեն շրջանցում են այն պարզ իրողությունը, որ հնարավոր չէ անցկացնել սահմանների ճշգրտում, երբ քո տարածքը օկուպացված է, սա այնքան ակնհայտ է, որ ուղղակի ապշում ես, երբ տեսնում ես, թե ինչպես են փաշինյանական իշխանությունները լուրջ դեմքով փորձում ապացուցել հակառակը։

Ոչ պակաս կարևոր է նշել, որ եթե դելիմիտացիան անցկացվի առանց հստակ Արցախի ԱՆԿԱԽ կարգավիճակի ամրագրման  (գոնե որպես բանակցային սկզբունք), ապա դեմարկացիան կտանի դեպի Արցախի հիմնախնդրի տեղափոխում Ադրբեջանի «ներքին» քաղաքական տիրույթ։

Մարդիկ, որոնք վիճարկում են այս ակնհայտ իրողություները, նույն հաջողությամբ կարող են վիճարկել, որ օրինակ` երկրագունդը կլոր է, կամ  գիշերը մութ է։

…մնացած երկու թեզի մասին՝ հաջորդիվ։

…շարունակելի

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից