Կառավարությունը չի ընդունել Մայր Աթոռի առաջարկները

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի նախագծում, որն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունել է, նախքան երկրորդ ընթերցումն առաջարկվում է նոր փոփոխություններ կատարել։

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ առաջին ընթերցումից հետո բազմաթիվ կոնսուլտացիաներ են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում, հանրությունն է բավական լայն քննարկել, և ուզում են նախագծում փոփոխություն կատարել և հունվարի 2-ը ևս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում։

«Այսպիսով, առաջարկվող օրենքի վերջնական տարբերակն է՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը՝ Սուրբ ծնունդ և հայտնություն, որոնք կլինեն ոչ աշխատանքային օրեր»,- հայտարարեց Քերոբյանը։

Նշենք, որ ավելի վաղ Մայր Աթոռը հրապարակային առաջարկություն էր արել՝ ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր։

«Էկոնոմիկայի նախարարությունը շատ կարևորում է պետություն-մասնավոր երկխոսությունը, նախագիծը քննարկվել է նախարարության ՓՄՁ ենթախորհրդում, բազմաթիվ ասոցիացիաների հետ հանդիպումների ընթացքում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փիլիսոփայությունը, որ դրել ենք այս օրենքի փոփոխության մեջ, որոշում է կայացվել այսպիսի տարբերակով առաջ գնալ», – ասաց Վ. Քերոբյանը:

«Փաստորեն, էկոնոմիկայի նախարարությունը չի ընդառաջել Հայ առաքելական եկեղեցու՝ Մայր Աթոռի առաջարկներին», – արձագանքեց Աղվան Վարդանյանը:

«Մայր Աթոռը չի կարող ստանձնել օրենսդիր իշխանության գործառույթը, բայց կարող է իր հեղինակությամբ, իր խոսքով ուղենիշային լինել: Ես կարծում էի, որ նման հայտարարությունը և առաջարկը, որ Մայր Աթոռից ներկայացվել էր, պետք է էական նշանակություն ունենար», – ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Ըստ նրա, բովանդակային և ծանրակշիռ փաստարկներ, որպեսզի այդ առաջարկությունը չընդունվի, չի լսել։

Վերջում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին լրամշակված տարբերակով՝ 3 դեմ, 0 ձեռնպահ, 7 կողմ ձայների հարաբերակցությամբ։