Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու պետական դավաճանության մեջ (մաս 25)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի և Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնները զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով.

Զբաղեցնելով ՀՀ վարչապետի և Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնները և 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից 2 օր առաջ տեղեկանալով, որ պատերազմ է սկսվելու, Նիկոլ Փաշինյանը պետք է արագորեն, օպերատիվ կերպով հրավիրեր Անվտանգության խորհրդի (ԱԽ) արտահերթ նիստ` պաշտպանության ռազմավարական պլանավորման և վերանայման, գործողությունների համապատասխան պլաններ մշակել- ընդունելու, Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր քննարկելու և օրենքով սահմանված այլ լիազորություններ իրականացնելու, համապատասխան որոշումներ ընդունելու նպատակով:

Այո, առաջին գործը, որ պետք է աներ նա մոտալուտ պատերազմի մասին տեղեկանալուց անմիջապես հետո, հենց սա` ՀՀ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելը պետք է լիներ: Նիկոլ Փաշինյանը, սակայն, ոչ 2020թ. սեպտեմբերի 25-ին, ոչ էլ սեպտեմբերի 26-ին Անվտսնգության խորհրդի արտահերթ նիստ չի հրավիրել, արտահերթ նիստը հրավիրվել է միայն սեպտեմբերի 27-ին, պատերազմի սկսվելուց հետո: Այդ նիստի վերաբերյալ ԱԽ գրասենյակի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության  մեջ մասնավորապես նշված է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողություններին հակազդելուն, Զինված ուժերի կողմից դրանց արժանի հակահարված տալուն և հետագա քայլերին վերաբերող հարցերին»:

Ինչպես մեզ հետաքրքրեց, այնպես էլ, կարծում ենք, շատերին կհետաքրքրի, որ եթե ոչ սեպտեմբերի 25-ին կամ 26-ին,  ապա ԱԽ վերոնշյալ արտահերթ նիստից առաջ մեկ էլ ե՞րբ է ԱԽ արտահերթ կամ հերթական նիստ հրավիրվել և ի՞նչ է ասվել, ի՞նչ հարցեր են քննարկվել այդ նիստում: Պարզվում է, 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ ԱԽ-ի արտահերթ նիստ է հրավիրվել միայն օգոստոսի 21-ին, այսինքն` 44-օրյա պատերազմից ավելի քան մեկ ամիս առաջ: Դրանում հեշտ է համոզվել` այցելելով ԱԽ գրասենյակի կայք հետևյալ հղմամբ :

Օգոստոսի 21-ի արտահերթ նիստի վերաբերյալ ԱԽ պաշտոնական տեղեկատվության  համաձայն, Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում մասնավորապես նշել է.

«Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նախորդ նիստի ընթացքում մենք ընդունեցինք Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, և հատկանշական է, որ այդ որոշումից շատ կարճ ժամանակ անց արձանագրվեց այդ փաստաթղթի արդիականությունը և կենսունակությունը: Արձանագրվեց, որ մենք ճշգրիտ ենք գնահատել մեր երկրի անվտանգային սպառնալիքները, և ընդհանրապես մեր անվտանգային միջավայրի ռազմավարական գնահատականը տեղի է ունեցել բարձր որակով:

Մեր նախորդ նիստից հետո տեղի ունեցան տավուշյան հայտնի դեպքերը՝ Տավուշի հաղթական մարտերը, և պետք է արձանագրել հետևյալը. նախորդ ողջ շրջանում Ադրբեջանն ընդունել էր մի այնպիսի կեցվածք, որով Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով չլուծումը, իր կողմից դա չնախաձեռնելը ներկայացնում էր որպես զիջում և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության համար: Եվ մենք այս ողջ ընթացքում Ադրբեջանի ղեկավարությանը հորդորում էինք, որ պետք չէ Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով, և դա անհեռանկար հռետորաբանություն է: Եվ, ըստ էության, հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին դա և ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում: Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը սա ընդունի, որովհետև նախկինում բազմիցս ասել եմ, որ եթե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կարող է արձանագրել, որ ինքը վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է»:

Եվս մեկ մեջբերում ԱԽ նույն հաղորդագրությամբ ներկայացված Նիկոլ Փաշինյանի բացման խոսքից.

«Ընդհանուր առմամբ՝ ամենակարևոր արձանագրումը, որ մենք պիտի անենք, հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է սպասարկել անվտանգային իր մարտահրավերները: Միևնույն ժամանակ, մենք պիտի խնդիր դնենք մեր առաջ՝ անվտանգային միջավայրի կառավարելիության մակարդակն ամեն շաբաթվա, ամեն ամսվա, ամեն տարվա հետ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Եվ Անվտանգության խորհուրդը հենց այն աշխատանքային ձևաչափն է, որտեղ այս կարգի հարցերը պետք է քննարկվեն և լուծումներ ստանան»:

Վերոնշյալից բխում է, որ ՀՀ վարչապետի և ԱԽ նախագահի պաշտոնները զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե նպատակ է ունեցել պարտվողական պատերազմի, դրա համար էլ նույնիսկ եթե ոչ ավելի վաղ, այլ թեկուզ սեպտեմբերի 25-ին տեղեկանալով, որ պատերազմի շեմին ենք, դրանից հետո Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ չի հրավիրել, պատերազմին նախապատրաստվելու աշխատանքներ չեն կատարվել, ԱԽ նիստը հրավիրվել է միայն պատերազմից հետո: Ինչ վերաբերվում է ԱԽ օգոստոսի 21-ի արտահերթ նիստի բացման խոսքում Փաշինյանի ելույթին, ապա, ինչպես ասում են, այդ առումով մեկնաբանություններն ավելորդ են…

Թեև հողատուն ավելի վաղ ստում էր, թե ինքը, իրենք անցյալ տարվա սեպտեմբերին սկսված պատերազմի մասին նախապես չեն իմացել, իսկ ս. թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի` «Ե՞րբ է ձեզ զեկուցվել, որ պատերազմի շեմին ենք կամ մեծանում է պատերազմի հավանականությունը» հարցին, ասաց «Իմ հիմա հիշողության մեջ արձանագրված ա, որ սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ինչ-որ ռադիո, ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասություն, որը շատ էդպես, էդ առումով վստահելի էր թվացել…», ընդգծենք, որ նույնիսկ դեռ սեպտեմբերի 25-ից առաջ ու նույնիսկ բաց աղբյուրներում հրապարակված տեղեկությունները վկայում էին, որ Ադրբեջանը պատերազմի նախապատրաստման ակտիվ փուլի է անցել և նոր պատերազմը շատ մոտ է: ՀՀ վարչապետի և ԱԽ նախագահի պաշտոնները զբաղեցնողն այդ մասին չէր կարող չիմանալ:

Այն, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր մեծ պատերազմի, տողերիս հեղինակի  կողմից հրապարակավ հայտնվել է դեռ սեպտեմբերի 25-ից էլ առաջ, սեպտեմբերի 15-ից սկսած` «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, կամ Ադրբեջանին պատրաստում են պատերազմի» հոդվածով ու դրան հաջորդած այլ վերլուծականներով: Այդ մասին գրել, զգուշացրել են նաև այլ վերլուծաբաններ, այնպես որ, Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը բավարար ժամանակ են ունեցել պետական կառավարման համակարգը և Զինված ուժերը համապատասխան պատրաստվածության բերելու համար, ինչը, սակայն, չեն արել ինչպես սեպտեմբերի 25-ից, այնպես էլ պատերազմից 2 օր առաջ:

Իսկ ինչո՞վ էր զբաղված ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն այդ ժամանակ… Նախկինների, այսինքն` իր կողմից կամ իր օրոք չնշանակված պաշտոնյաների կադրային ջարդով: Օրինակ, այն ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուստամ Բադասյանի ձեռամբ և շինծու, անհեթեթ պատճառաբանությամբ, անօրինական կերպով աշխատանքից հեռացվեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը: Բա այսպիսի կարևորը գործը թողած, պատերազմի՞ն նախապատրաստվեին…

ՀՀ համապատասխան իրավապահ մարմիններից ու նրանց ղեկավարներից պահանջում եմ սույն հաղորդմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և այլոց ներկայացվող մեղադրանքները, առերևույթ հանցագործության մասին սույն հաղորդումը գնահատել մինչ այժմ հրապարակված ու հրապարակվելիք փաստերի համակցությամբ, ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներով:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան