Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի կամ Ադրբեջանին պատրաստում են պատերազմի

Որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, ինչի մասին վկայում են անուղղակի գործոնները, դեռ 2020թ. հուլիսին Տավուշի սահմանագոտում Ադրբեջանի ծրագրած սադրանքից ու տապալված ռազմագործողությունից հետո, նույն ամսվա ընթացքում ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

«Փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այսօր հանդես է եկել ուղերձով,- ասաց Կարեն Բեքարյանը:- Ուղերձին երբ ուշադիր ես լինում, սա չի վերաբերում Տավուշի դեպքերին` օրեր առաջ եղած, սա իր մեջ ապագա գործողությունների բաղկացուցիչ է պարունակում:

Այն տեղեկատվությունը, որը հնչեց, որ Թուրքիան Ադրբեջանի համար Սիրիայի զինյալներից, Սիրիական պատերազմով անցած զինյալներից` իր կողմնակից, հավաքագրում է իրականացնում, արդյոք այս բոլոր գործոնները չե՞ն խոսում նրա մասին, որ Ալիևի նպատակները դեռ շարունակում են առկա լինել` գումարած ռևանշիզմի էլեմենտը… Եվ մենք ունե՞նք պատկերացումը այս պահին մեր կարևորագույն անելիքների… Առաջին հերթին և ամենակարևորը` մեր ռազմավարական գործընկերոջ, դաշնակցի հետ կապված:

Մենք ՀԱՊԿ-ի նաև հարավային գծի պատասխանատուն ենք Ռուսաստանի Դաշնության հետ միասին, մենք ունենք երկկողմ պայմանագրերի, համաձայնագրերի մի ամբողջական բազա, և, հետևաբար, Թուրքիայից եղած այս սպառնալիքները այսօր պետք է լինեն օրակարգի առաջին կետում, հայ- ռուսական օրակարգի, և այդ օրակարգը պետք է առաջ մղվի, և եթե կան դերակատարներ, որոնք դա չեն կարողանում անել, պետք է փորձել հասկանալ ում մոտ դա արդյունավետ կլինի` նույն զինվորականությա՞ն, միգուցե նույն դիվանագիտական ներկայացուցիչների մեջ հատուկ լիազորություններով դեսպանի ինստիտո՞ւտը պետք է օգտագործել, բայց այստեղ մենք պետք է ունենանք բեկումնային առաջընթաց: Եվ մեր բոլոր ինստիտուտները, ներառյալ անհատապես` քաղաքացիներից սկսած, այսօր որևէ կերպ հայ- ռուսական հարաբերությունների վրա քար նետելը պիտի դիտարկեն ոչ թե որպես սխալ, այլ պետք է դիտարկեն որպես մեծագույն հարված հնարավոր զարգացումների կոնտեքստում թե՛ անվտանգության խնդիրներին, թե՛ մեր քաղաքական օրակարգին»:

Հայ- ռուսական հարաբերությունների վրա քար նետելու առնչությամբ պարոն Բեքարյանի ասածին հավելենք` նշված դրսևորումները պետք է դիտարկել որպես պետական դավաճանություն: Սակայն բուն թեմայից շատ չշեղվենք: Քաղաքագետի ասածից անցել է 2 ամիս, և այսօր էլ անուղղակի, միգուցե նաև ուղղակի գործոնները վկայում են, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի:

Մոտ երկու շաբաթ առաջ BBC-ի ադրբեջանական ծառայության հրապարակման համաձայն, առաջնագծում և Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում ռազմական նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, ինչի մասին BBC-ի թղթակցին պատմել են տեղի բնակիչները։ Նրանք հայտնել են, որ Թովուզի շրջանում (սահմանակից է ՀՀ Տավուշի մարզին) հուլիսին տեղի ունեցած մարտերից հետո առաջնագծին մոտ գտնվող, ինչպես նաև սահմանամերձ այլ գյուղերում աննախադեպ նախապատրաստական աշխատանքների մասին։

Առաջնագծին մոտ գտնվող գյուղի բնակչուհիներից մեկը տեղեկացրել է, որ հուլիսյան մարտերից հետո թե՛ զինվորականները, թե՛ տեղի վարչական ղեկավարը սկսել են իրենց տների առջև ապաստարաններ փորել։

Սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկը BBC-ի թղթակցին ասել է, որ իրենց հանձնարարվել է բակում փորված խրամատի մոտ ավազի պարկեր տեղադրել։ Թեև խրամատներ փորելու անհրաժեշտության մասին բնակիչներին, ըստ BBC-ի հրապարակման, ասվել է, որ դրանք պետք են, որպեսզի մարդիկ կարողանան հրդեհի ժամանակ վազել ու թաքնվել, սակայն պարզ է, որ խրամատը, նույնիսկ եթե դրա վերևում ավազի պարկեր դարսված լինեն, հրդեհ առաջացնող հատուկ զինամթերքի, օրինակ, «Смерч»-ի, «Солнцепек»-ի տերմոբարիկ մարտական մասով օժտված արկերի կիրառման պարագայում չի կարող պաշտպանել մարդկանց:

Վերոնշյալը նկատի ունենալով, կարծում ենք, որ իրենց տների առջև խրամատներ փորելու և դրանց վերևում ավազի պարկեր տեղադրելու նպատակը թաքցվել է բնակիչներից: Իսկ նպատակն այն է, որ բնակիչներին ևս զենք բաժանվի և նրանք տարհանվելու փոխարեն, մասնակից դարձվեն պաշտպանական գործողություններին այն դեպքում, եթե իրենց բանակի հարձակումից հետո Հայաստանի զինված ուժերին հաջողվի հակագրոհ ձեռնարկել ու մարտական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք:

Առաջնագծի ադրբեջանական հատվածում ավազի պարկերից բացի, խրամատների վերևում տեղադրվում են նաև անվադողեր, որոնք հավաքելու և առաջնագիծ տեղափոխելու կոչերին, ինչպես նաև անվադողերի հավաքումը ներկայացնող տեսանյութերին հաճախ կարելի է հանդիպել «Ֆեյսբուք»-ի ադրբեջանական տիրույթում: Սակայն անվադողերը նույնպես հրդեհի ժամանակ չեն կարող պաշտպանել զինվորներին, ավելի ճիշտ, հակառակ արդյունքը կունենան, եթե մեր Զինված ուժերը կիրառեն վերոնշյալ զինամթերքները: Դրանք մասամբ կարող են պաշտպանել միայն գնդակներից և նռնակների, արկերի բեկորներից:

«Ոչ ոք չպետք է մտածի, որ հակամարտությունը սառեցված է,- վերջերս ասել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության ու կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահ Հիքմեթ Մամեդովը:- Հենց որ լինեն բարենպաստ պայմաններ, Ադրբեջանը քայլեր կձեռնարկի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության տարբեր պաշտոնյաներ նախկինում էլ են հանդես եկել այսօրինակ հայտարարություններով, դրանց թեև արդեն կարծես ընտելացել ենք, բայց չպետք է անլուրջ վերաբերվենք, համարենք դատարկ սպառնալիք: Ադրբեջանն իսկապես հարձակվելու է հենց որ, ինչպես Մամեդովն է ասել, լինեն բարենպաստ պայմաններ: Այնուհանդերձ, մեզ մտահոգողը ոչ այնքան Ադրբեջանի հնարավոր ագրեսիան է, որի դեպքում մեր թշնամին, ինչպես նախադեպերն են վկայում, անհամեմատ մեծ կորուստներ ունենալով, նահանջելու է, եթե չասենք, այս անգամ փախչելու է մինչև Բաքու, այլ Թուրքիայի դերակատարությունը և միջամտությունը հայ-ադրբեջանական հակամարտությանը:

Անցյալ ամիս ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնեցին, որ օգոստոսի 12-ին Ադրբեջան են ժամանել Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարներ և այլ բարձրաստիճան սպաներ: Թուրքիայի ռազմական պատվիրակությունն ընդլայնված կազմով հետևելու էր Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի ու ռազմաօդային ուժերի մարտական հրաձգության համատեղ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ դրվագին: Այդ օրն արդեն հայտնի էր դարձել, որ հուլիսի 29-ին մեկնարկած և մինչև օգոստոսի 10-ը նախատեսված թուրք–ադրբեջանական զորավարժությունները երկարաձգվել են։

«Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի  մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»,- ի պատասխան «Sputnik Արմենիա»-ի հարցի, ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանում թուրք-ադրբեջանական վերոնշյալ զորավարժությունների ավարտից գրեթե անմիջապես հետո, սեպտեմբերի առաջին օրերին հայտնի դարձավ, որ Թուրքիայի բանակի ցամաքային ուժերի գեներալ Շարաֆ Օնգայի գլխվորած ռազմական պատվիրակությունը մեկնել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Ըստ ԻՌՆԱ-ի, այցելության նպատակը Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններին մասնակցելն է: Դրանից առաջ էլ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ էին անցկացրել Նախիջևանում: Ակնհայտ է, որ Թուրքիան գնալով ուժեղացնում է իր ռազմական ներկայությունն Ադրբեջանում: Թեև պատրվակը, ըստ որոշ զեկույցների, ադրբեջանցի զինծառայողներին վերապատրաստելն է, սակայն, կարծում ենք, բուն նպատակը դա չէ:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան