Ամեն անգամ թաքստոց նետվելիս աղոթում էինք ողջ դուրս գալու համար, քնելիս աղոթում, որ իմ ուղղությամբ եկող արկերը շեղվեն ճանապարհից․ Շանթ Նավոյան

Շանթ Նավոյան:

44-օրյա պատերազմի ընթացքում Շանթ Նավոյանի՝ նոթատետրում արված գրառումներն այդ օրերի իրական վավերագրությունն են, երբ կարդալիս աչքիդ առաջ հայտնվում են պատերազմի բոլոր դրվագները։ Էջերից մեկում Շանթը գրում էր․

«Սաղավարտը մարմնի մաս էր դարձել, որից երազում էինք ազատվել և որով մեզ ապահով էինք զգում։ Ամեն անգամ թաքստոց նետվելիս աղոթում էինք ողջ դուրս գալու համար, քնելիս աղոթում, որ իմ ուղղությամբ եկող արկերը շեղվեն ճանապարհից․․․»։ Ցավոք, Շանթի ուղղությամբ եկող հարվածներից մեկն այդպես էլ չշեղվեց 2020թ․ հոկտեմբերի 10-ին՝ թվացյալ հրադադարից կես ժամ անց։

Շանթ Նավոյանի մայրը որդու մասին անցյալով խոսել չի կարողանում։ Ասում է՝ Շանթի ներկայությունն անդադար ու անընդհատ են զգում։ Վստահ են, որ նրա ներկայությունը զգում է նաև իր հարազատ ու սիրելի քաղաքը՝ Երևանը, որի շենքերի տանիքներին Շանթն անընդհատ իր ազատությունն էր գտնում։ Թռչում էր տանիքից տանիք, նստում ու մենակ մնում իր մտքերի հետ։

Թեև ինքնամփոփ էր ու սիրում էր մենակ մնալ, բայց մեծ ընկերասեր էր և իր մտքի ճկունությամբ ու ազատությամբ գրավում էր շրջապատի բոլոր մարդկանց։ Դեռ 19-ը չլրացած Շանթը հասցրել էր սիրել։ Շատերը զարմանում էին, որ այդ տարիքում այդքան հասուն զգացմունքներ ուներ և վստահ որոշել էր՝ ընկերուհին միակն է իր կյանքում մինչև վերջ։

Մայրը պատմում է․ «Շանթը դեռ 14 տարեկանից անընդհատ գրում էր իր մտքերը, այն, ինչ զգում ու տեսնում էր։ Իր զոհվելուց հետո, երբ պահարաններում էլ գտանք ձեռագիր գրառումները, որոշեցինք հավաքել ամբողջն ու գիրք հրատարակել»։

7 ամսվա աշխատանքից հետո հրատարակվեց Շանթ Նավոյանի՝ «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում» գիրքը, որտեղ Շանթի մտքերն են, պատերազմի օրերի գրառումներն ու նրա մասին պատմությունները։ Մայրն ասում է՝ գիրքը շատ կարճ ժամանակում բեսթսելլեր դարձավ ու հատկապես պատերազմական գրառումները զարմացրել էին բոլոր ընթերցողներին։

Մայրն ասում է․ «Ես իսկապես զգում եմ Շանթի ներկայությունը, նրա ֆիզիկապես բացակայությունն է, որ սրասափելի ցավեցնում է։ Պետք է ուժ գտնել ու չչարանալ, բավական է մի փոքր անգամ թուլանալ ու դա կսկսի հաղթել։ Ես փորձում եմ մնալ այն մտքով, որ Շանթը շարունակում է ծառայել։ Ես կմնամ հավերժ սպասող նրան»։

Փառք ու խոնարհում մեր հայրենիքի համար իրենց կյանքը և առողջությունը զոհաբերած բոլոր արիներին։ Շանթ Գուրգենի Նավոյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000+) շահառու է։ Հիմնադրամի ֆոնդը ձևավորում ենք մենք՝ ՀՀ և Արցախի քաղաքացիներս։ Ֆինանսակայն կայուն հատուցումն ամենաքիչն է, որ կարող ենք անել մեր քաջերի հիշատակի, մեր հոգու հանգստության համար։

 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ