Հանրային առողջության մասին մտահոգվող նախարարը միայն պատվաստանյութի շրջանառությամբ է զբաղված

Փաստաբանները «Ազատ կամք» նախաձեռնության շրջանակում դիմել են ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելու առողջապահության նախարարի հրամանը, որի համաձայն՝ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կամ Քովիդ-19-ի դեմ պատվաստման հավաստագիր, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ Քովիդ-19-ի ախտորոշման ՊՇՌ հոտազոտության բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ։ Այս մասին LIVEnews.am «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի ժամանակ տեղեկացրեց փաստաբան Աննա Ծառուկյանը։ Տվյալ հայցապահանջի շրջանակում հայցի ապահովման միջնորդություն է արվել, եթե հնարավոր է, դատարանը որոշում կայացնի առհասարակ կասեցնել նախարարի հրամանը, քանի դեռ տվյալ վեճը վարչական դատարանում չի լուծվել։

Ըստ փաստաբանի՝ Անահիտ Ավանեսյանի որոշումը մասնավորապես խախտում է Սահմանադրության մի շարք նորմեր՝ հակասելով 25, 29, 39, 78 հոդվածներին։ Չի կարելի խտրական վերաբերմունք ցուցաբերել երկրի քաղաքացիների նկատմամբ և կամավոր պատվաստվողներին պատվաստանյութն անվճար տրամադրել, իսկ պատվաստումից հրաժարվողների համար ՊՇՌ թեստերի դիմաց վճար սահմանել։ «Սա արդեն խտրականության կիրառմամբ պարտադրանք է, որը հակասում է Սահմանադրության դրույթներին։ Մի կողմից ասվում է, թե պատվաստումը չի պարտադրվում, բայց մյուս կողմից նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որպեսզի քաղաքացին ստիպված, պարտադրված լինի նախապատվությունը տալ պատվաստմանը, քանի որ իր եկամուտները չեն ներում թեստավորման համար պարբերաբար գումար ծախսել»։

Պետությունը պարտավորություններ ունի քաղաքացիների կյանքի ու առողջության մասին հոգ տանելու, բայց մենք ունենք պատվաստանյութ, որն անհրաժեշտ թեստավորում չի անցել՝ սահմանված ժամանակահատվածում և կանխատեսելի չեն դրա հետևանքները մարդու օրգանիզմի համար։ Հետևաբար, Աննա Ծառուկյանի պնդմամբ, խիստ կասկածելի է կառավարության մտահոգությունը հանրային առողջության նկատմամբ։ Մյուս կողմից էլ եթե իսկապես մտահոգված են, ապա պարտավոր են հավասար պայմաններ ապահովել և մարդկանց հնարավորություն տալ՝ ինչ-ինչ պատճառներով պատվաստումից խուսափելու դեպքում անվճար թեստավորվելու։ Անհասկանալի է՝ եթե պատվաստված անձը ապահովագրված չէ վարակվելուց, ապա նա ինչո՞ւ է ազատվում թեստավորվելու պահանջից՝ պոտենցիալ վարակակիր լինելով։

Հանրային առողջության մասին մտահոգվող նախարարը պետք է որ հրահանգ տար նաև քաղաքային տրանսպորտում քաղաքացիների երթևեկն այնպես կազմակերպել, որպեսզի խիստ լցված տրանսպորտային միջոցներում մարդիկ վարակը հնարավորինս չտարածեն։ Բայց հաղորդման հյուրի դիտարկմամբ՝ մենք միայն պատվաստման շուրջ ենք աշխուժություն նկատում, իսկ հակահամաճարակային մնացած բոլոր միջոցառումներն այլևս հրատապ չեն։