Ունենք ՀՀ անձնագիր, բայց քաղաքացի չենք համարվում, ոչ մեկը չի ասում՝ որ երկրի քաղաքացին ենք․ տեղահանված հադրութցիներ

Հադրութից տեղահանված մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Հադրութցիներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 45 օր առաջ նամակ էին ուղարկել ղեկավարությանը։ «Մինչև հիմա պատասխան չունենք: Մեր հավաքի նպատակը պարզելն է, թե ինչու պատասխան չեն տալիս և ինչ ծրագրեր, նախագծեր ունեն մեր հետագա ճակատագրի վերաբերյալ»,-ասաց նա:

«Առաջին հարցը, որ մեզ հուզում է՝ կարգավիճակի հարցն է. տեղահանված ենք, ունենք ՀՀ անձնագիր, բայց քաղաքացի չենք համարվում, ոչ մեկը չի ասում՝ որ երկրի քաղաքացին ենք մենք»,- ասաց հադրութցիներից մեկը:

Տեղահանված հադրութցիներն ավելի վաղ հանդիպել էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Արցախի պետնախարարի, տարածքային կառավարման նախարարների հետ: «Որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք են բերվել, բայց առայժմ դեռ հստակ բան չկա»,- ասաց քաղաքացին ու հավելեց․ «Շուտով ձմեռ է գալիս, բնակարանային հարցի լուծման հարցում տեղաշարժ չկա»:

Նրա խոսքով՝ վերջին երկու մասում սոցվճարներ էլ չեն ստացել:

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ Արցախի հյուրատներում, հյուրանոցներում մեծ թվով մարդկանց են բնակեցրել, օրական յուրաքանչյուրին տրամադրվում է 4000-6000 դրամ: «Այսինքն՝ յուրաքանչյուր շնչին ամիսը 150 հազար դրամ գումար են տրամադրում: Այստեղ իմ ընտանիքում 8 հոգի են, 130 հազար դրամ տան վարձ ենք տալիս: Եթե այնտեղ կարողանում են մեկ մարդուն տրամադրել, ապա ի՞նչն է խանգարում, որ դա մեզ այստեղ չեն տրամադրում»,- ասաց նա՝ հավելով, որ

Հադրութից արդեն 2500 մարդ լքել է Հայաստանը տարբեր պատճառներով, Իսկ այսօր այդ թիվը ավելացել է ևս 500-ով։

Քաղաքացին հիշեցրեց, որ նամակով դիմել էին Ֆրանսիայի դեսպանատուն, հիմա գնալու են, տեսնեն, թե ինչ պատասխան են տալիս, որից հետո շարժվելու են Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ: «Բնակվարձերի խնդիր ունենք, գնալու ենք, պահանջելու ենք, որ գոնե այս ամսվա բնակվարձերը տան»,- ասաց նա:

Տեղահանված հադրութցի մի կին էլ նշեց. «Այս պահին ես հետաքրքրվել եմ՝ այնտեղ տուն կարող են գյուղում տրամադրել: Բայց ես գյուղ չեմ գնա, գյուղ, որը ադրբեջանցու սահմանին կպած է: Ստեփանակերտում այս պահին ինչ-որ մեկին տեղավորելու հարցի լուծում չկա, դեռ խոստումներ են տրվում»,- ասաց նա ու հավելեց, որ իրենք ևս երկու ամիս գումար չեն ստացել: