Հուսով եմ` քաղաքական հետևանքներ չեն լինի Վաչե Տերտերյանի բարեխիղճ պատասխանի համար. Արամ Վարդևանյան

«Պարոն Տերտերյանը գտնվեց իր մասնագիտական գործունեության բարեխղճության մակարդակում և ասաց մի պարզ ճշմարտություն, որի համար, հուսով եմ, քաղաքական հետևանքներ չեն լինի նրա համար»,-ԱԺ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Նշենք, որ «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքի քննարկաման ժամանակ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դիմեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին։ Նա խնդրեց փոխնախարարին պարզաբանել Սյունիքի մարզի արևելքում գտնվող համայնքների հարցը։

«Եթե Շուռնուխից, Որոտանից և մի շարք այլ գյուղերից արևելք է սկսվում Ադրբեջանի տարածքը, ապա նշանակո՞ւմ է դա արդյոք, որ այդ օրենքով է որոշվում Հայաստանի պետական սահմանը»,- հարցրեց Մինասյանը։

Տերտերյանը խոստովանեց, որ ոչ մի անգամ չի լսել որևէ հիմնավորում, որտեղ ասվեր, որ պետական սահմանները որոշվում են վարչատարածքային բաժանման օրենքով։ «Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ ՀՀ սահմանները որոշվում են վարչատարածքային բաժանման մասին օրենքով, ոչ ոք նման բան չի ասել, համենայն դեպս, իմ հիշողության մեջ նման բան չկա և՛ հին , և՛ նոր ժամանակաշրջաններում»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ Վաչե Տերտերյանին շնորհակալություն հայտնեց անկեղծ պատասխանի համար և նշեց, որ ինքն էլ չի հիշում աշխարհում որևէ պետություն, որն իր սահմանները գծի վարչատարածքային բաժանման մասին ներքին կիրառման օրենքի դրույթներով:

Իր ելույթում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ նույն «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ է քվեարկել նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ նույն օրենքում Գորիսի վարչատարածքային նկարագրում գրված է, որ որ այն սահմանակից է Արցախի Հանրապետությանը, ինչը նշանակում է, որ դեռ 2011 թվականին Հայաստանը ընդունել է Արցախի անկախությունը, որի մասին իշխանությունները չեն խոսում: