Կողմնակի ազդեցությունների բազմահազար դեպքեր COVID-19-ի դեմ պատվաստումներից հետո, «Sputnik V»-ն բացառություն չէ. 5

Գրանցվել են նաև մահվան դեպքեր

 

Սկիզբը` այստեղ

Մահվան բազմաթիվ դեպքեր կան նաև «Pfizer» պատվաստանյութով պատվաստվելուց հետո: Դեկտեմբերի 30–ին շվեյցարական Լյուցեռն քաղաքի ծերանոցում հիվանդը մահացել է պատվաստումից հետո: Այնուամենայնիվ, «Swissmedic» վերահսկիչ մարմնում բացատրել են, որ 91-ամյա տղամարդը տառապել է մի քանի լուրջ հիվանդություններով, որոնք կարող էին հանգեցնել մահվան:

Հունվարի 1-ին Պորտուգալիայում մահացել է 41-ամյա բժիշկ Սոնիա Ասևեդոն: Դա տեղի է ունեցել «Pfizer»-ի ներարկումից 48 ժամ անց:

COVID-19- ի դեմ «Pfizer» և «Moderna» պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների շարքում գրանցվել են սրտային հիվանդություններ, ինչպիսիք են միոկարդիտը և պերիկարդիտը: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման և միոկարդիտի միջև կապի առնչությամբ Իսրայելի առողջապահության նախարարության նախաձեռնած հետազոտության արդյունքում պարզվել է, որ պատվաստումից հետո սրտային բարդությունների հավանականություն իսկապես կա:

Չնայած վերոնշյալին, ամռանը COVID-19 –ի դեմ պատվաստումից հետո սրտի կաթվածից մահացած քիքբոքսինգի և խառը մարտարվեստի մարտիկ և մարզիչ Ֆերնանդո Ալդաոյի մահը, հավանաբար պատվաստումներով շահագրգիռ անձանց ջանքերով, չի կապվել պատվաստման հետ, թեև 43-ամյա Ալդաոն, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, մինչ այդ առողջական որևէ խնդիր չի ունեցել:

Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Նորվեգիայում COVID-19 –ի դեմ «Pfizer» պատվաստանյութով պատվաստումից հետո մահացել են 80-ից բարձր տարիքի 23 մարդ: Քսաներեք հոգի` դեռ պատվաստումների մեկնարկից կարճ ժամանակ անց:

Ըստ Նորվեգիայի դեղերի գործակալության, 3 մարդու դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները կարող էին շատ լուրջ հետևանքներ առաջացնել վատառողջ տարեց հիվանդների մոտ:

«Շատ վատառողջ մարդկանց համար նույնիսկ պատվաստանյութի համեմատաբար մեղմ կողմնակի ազդեցությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ»,- ասել են Նորվեգիայի դեղերի գործակալության ներկայացուցիչները:

Էլ ավելի մեծաթիվ են «Pfizer»-ի ներարկումից հետո առաջացած ծանր դեպքերը: Նշենք դրանցից ընդամենը մեկը. 2020թ. դեկտեմբերին Մեքսիկայում «Pfizer»-ով պատվաստված բժիշկը, ըստ երկրի առողջապահության նախարարության հաղորդման, ընդունվել է վերակենդանացման բաժանմունք` նոպաներով, շնչառության դժվարությամբ և գլխուղեղի հնարավոր բորբոքումներով:

«32-ամյա բժիշկը, ով ստացել է «Pfizer»- ից պատվաստանյութը COVID-19-ի դեմ, ընդունվել է վերակենդանացման բաժանմունք այն բանից հետո, երբ պատվաստումից հետո կես ժամվա ընթացքում ի հայտ են եկել ցան, ջղաձգումներ, մկանների թուլություն և շնչառական դժվարություններ»,- նշված է նախարարության հաղորդման մեջ:

Նախնական ախտորոշումը եղել է էնցեֆալոմիելիտը (ողնուղեղի կամ ուղեղի բորբոքում): Չհաջողվեց որևէ տեղեկություն գտնել` այդ պացիենտը հետագայում ապրե՞ց, թե ոչ…

Ինչպես արդեն նշել ենք մեր հրապարակումներից մեկում , «Pfizer» պատվաստանյութը ձեռքբերելու նպատակով, ըստ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի (https://www.tert.am/am/news/2021/09/13/avanesyan/3694857 ), «տարվում են աշխատանքներ»:

 

Արթուր Հովհաննիսյան