Կողմնակի ազդեցությունների բազմահազար դեպքեր COVID-19-ի դեմ պատվաստումներից հետո, «Sputnik V»-ն բացառություն չէ. 4

Գրանցվել են նաև մահվան դեպքեր

 

Սկիզբը` այստեղ 

Ռուսաստանում կոծկել են «Sputnik V»-ի երկրորդ բաղադրիչով պատվաստվելուց մի քանի ժամ անց մահացած Օլեգ Կոնյաևի մահվան իրական պատճառը: Կոնյաևի դստեր` Քսենիայի ամուսինը` Դմիտրի Պրոխորովը, աներոջ մահվան պատճառը պարզելու համար դիմել է դատաբժշկական փորձաքննությունների բյուրո և ներքին գործերի նախարարության տարածքային բաժին:

Դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյից պատասխանել են, որ փորձաքննության բնօրինակը տրվում է միայն տվյալ փորձաքննությունը պատվիրածին, այսինքն, տվյալ դեպքում, ներքին գործերի նախարարությանը: ՆԳՆ տարածքային բաժինն իր պատասխանում մեջբերել է փորձագետի կարծիքը, բայց առանց մանրամասների: Դմիտրին փորձաքննության ամբողջական եզրակացությանը ծանոթանալու համար ստիպված է եղել այցելել բաժին և կարդալ զեկույցը կանգնած վիճակում, ընդ որում, մի քանի աշխատակիցներ հետևել են, որպեսզի նա ոչինչ չլուսանկարի:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, Կոնյաևի մահը տեղի է ունեցել ուղեղային այտուցից` հիպերտոնիայի ֆոնի վրա էնցեֆալոպաթիայի և սրտի իշեմիկ հիվանդության համակցության արդյունքում:

Դմիտրին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ փորձաքննության եզրակացության մեջ, իբրև մահվան նախապատճառ, նշված է իշեմիկ հիվանդության մասին, իսկ կլինիկայի փաստաթղթում, որտեղ նա հետազոտվել է պատվաստումից մեկ ժամ առաջ, որևէ իշեմիկ փոփոխության մասին նշված չէ, բացի այդ, փորձագետի եզրակացության մեջ, ըստ Դմիտրիի, մահվան նախորդած պատվաստման մասին ոչ մի խոսք չկա…

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումից հետո ևս մեկ տղամարդ մահացել է Կազանում: 66-ամյա տղամարդու մահվան մասին տեղեկացրել է «Վեչերնյա Կազանը»: Ըստ հրապարակման, Շամիլ Վիլդանովը լիովին առողջ է եղել, սակայն կորոնավիրուսային հիվանդության դեմ փետրվարին կատարված պատվաստումը պատճառ է դարձել, որ տղամարդը «մարի»: Նրա մոտ առաջացել են կաթվածի նման ախտանիշներ` թմրություն, համակարգման բացակայություն և անտարբերություն: Մեկ ամիս անց տղամարդը գնացել է հետազոտության, որի արդյունքում կաթվածը չի հաստատվել:

Մի քանի օր անց թոշակառուն հայտնվել է Կազանի դաշնային համալսարանի նյարդաբանության բուժսանմասում, որտեղ նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի լայնածավալ վնասվածք` «սուր տարածված լեյկոէնցեֆալիտ»: Վիլդանովի դուստրն ունի ձայնագրությունը հորը բուժող բժշկի հետ հեռախոսազրույցի, որի ընթացքում վերջինս ասել է, որ հիվանդությունը կարող էր ի հայտ գալ պատվաստման պատճառով: Այս ձայնագրությամբ նա դիմել է գրեթե բոլորին, այդ թվում նաև` Ռուսաստանի նախագահի վարչակազմին, բայց նրան ասել են, որ մահը «պատվաստումից հետո» և «պատվաստման պատճառով» երկու տարբեր բաներ են: Այսպիսով, պատվաստման հետևանքը չեն անվանել հետպատվաստումային բարդություն:

COVID-19-ի դեմ պատվաստումից հետո մահեր գրանցվել են ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհի այլ երկրներում, որտեղ մարդիկ պատվաստվել են ոչ թե «Sputnik V»-ով, այլ ուրիշ պատվաստանյութերով: Ահա ևս մեկ օրինակ ԱՄՆ-ից: 56-ամյա մանկաբարձ-գինեկոլոգ Գրեգորի Մայքլը, որն աշխատել է Մայամի Բիչ քաղաքի «Mount Sinai» բժշկական կենտրոնում, հունվարի 3-ին մահացել է ուղեղային արյունահոսությունից` կորոնավիրուսային հիվանդության դեմ «Pfizer» և «BioNTech» ընկերությունների ամերիկա-գերմանական կոնսորցիումի «Pfizer» պատվաստանյութով պատվաստումից 16 օր անց:

Բժշկի կինը` Հայդի Նեկելմանը, «Daily Mail» պարբերականին ասել է, որ իր ամուսինը հեմոռագիկ կաթված է ստացել «ներարկման հանդեպ ուժեղագույն ռեակցիայի պատճառով»: Պատվաստանյութը ստանալուց 3 օր անց Մայքլի ձեռքերին և ոտքերին հայտնվել են ներքին արյունահոսությունից առաջացած կարմիր փոքրիկ կարմիր բծեր: Դրանում վտանգավոր նշաններ տեսնելով, տղամարդը գնացել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք:

Մայքլի արյան անալիզը ցույց է տվել, որ արյան մակարդման համար անհրաժեշտ թրոմբոցիտների մակարդակը զրոյական է: Ամերիկացին անհապաղ հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում ՝ «սուր իմունային թրոմբոցիտոպենիա» (իդիոպաթիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա) ախտորոշմամբ, որը ծայրահեղ վտանգավոր աուտոիմուն հիվանդություն է: Նշված հիվանդության դեպքում օրգանիզմը թրոմբոցիտներն ընդունում է իբրև օտարածին մարմիններ և փայծաղին դրանք ոչնչացնելու ազդանշան տալիս:

«Իմ կարծիքով, նրա մահը հարյուր տոկոսով կապված էր պատվաստանյութի հետ, այլ բացատրություն չկա»,- ասել է Նեկելմանը:

Հայդի Նեկելմանը լրագրողներին ասել է նաև, որ ամուսինը չի ունեցել «առողջության հետ կապված բացարձակապես որևէ խնդիր» և ուղեկցող հիվանդություններ: Ավելին. չի ունեցել նաև ալերգիկ ռեակցիա թե՛ դեղերի, թե՛ պատվաստանյութերի նկատմամբ:

«Ամուսինս առողջ և ակտիվ մարդ էր,- ասել է նա լրագրողին:- Նա չէր ծխում, ժամանակ առ ժամանակ կարող էր խմել, բայց միայն ընկերությունում… Նա երբեք չի վարակվել COVID-19- ով, քանի որ համաճարակի սկզբից կրել է N95 դիմակ»:

Երկու շաբաթ շարունակ բժիշկները փորձել են բարձրացնել բժիշկ Մայքլի թրոմբոցիտների քանակը: Նեկելմանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ նրա բուժմամբ զբաղվում են մասնագետներ ամբողջ երկրից:

Ջոն Հոփկինսի ամերիկյան հետազոտական ​​համալսարանի արյան հիվանդությունների փորձագետ, դոկտոր Ջերի Լ. Սպիվակն ասել է, որ հիմնվելով տիկին Նեկելմանի նկարագրության վրա, ինքը գործնականում համոզված է, որ տղամարդու մահը կապված է պատվաստանյութի ազդեցության հետ:

«Դա տեղի ունեցավ և կարող է կրկնվել»,- նկատել է բժշկության վաստակավոր պրոֆեսորը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան