ԱՄՆ-ը Ուկրաինային զինելով, նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատերազմին. 2

Սկիզբը` այստեղ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրերս կայացած «YES Brainstorming»  ֆորումի ժամանակ, ինչպես արդեն նշել ենք, չի բացառել Ռուսաստանի հետ լիարժեք պատերազմի հնարավորությունը:

Քննարկման մոդերատորը Զելենսկուն հարցրել է Ռուսաստանի հետ լիարժեք պատերազմի հնարավորության մասին:

«Կարծում եմ, միգուցե»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, պատասխանել է նախագահը:

Սակայն, ըստ նրա, «դրանից հետո երբեք չի լինի Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի հարևանությունը»:

Կարծես թե հիմա Ուկրաինայի ու նշված պետությունների միջև հարևանություն կա, որ պատերազմից հետո չլինի… Իրականում Ուկրաինան և Բելառուսը և, հատկապես, Ուկրաինան և Ռուսաստանը հիմա էլ հարևանական, այսինքն` քիչ թե շատ նորմալ հարաբերությունների մեջ չեն: Արևմուտքի հետևողական ջանքերի արդյունքում և Ուկրաինայի ղեկավարության մեղքով Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հարաբերությունները վերածվել են թշնամականի: Բացի այդ, քանի որ խոսքը ռուս- ուկրաինական լիարժեք կամ մեծամասշտաբ պատերազմի մասին է, ապա մեծ հարց է, թե այդ պատերազմից հետո Ուկրաինան կշարունակի՞ արդյոք գոյություն ունենալ որպես պետություն, որ Զելենսկին խոսում է Ուկրաինայի և Ռուսաստանի, Ուկրաինայի և ՀԱՊԿ անդամ, ՌԴ-ի հետ միութենական պետության հիմքերը դրած Բելառուսի միջև հարևանության վերացման մասին:

Նույն ֆորումի ժամանակ Ուկրաինայի նախագահը նաև խոստովանել է, որ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ից անմիջական պատասխան չի ստացել ՆԱՏՕ -ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ:

«Այո, մենք ուղիղ դիրքորոշում չենք ստացել Ուկրաինայի` ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, Զելենսկին վստահություն է հայտնել, որ Կիևը կարող է հույսը դնել ԱՄՆ-ի վրա, քանի որ երկու երկրների «հարաբերություններն այսօր այլ մակարդակի վրա են»:

Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ վերջին բանակցությունների ժամանակ բարձրացրել է ՆԱՏՕ -ին Ուկրաինայի անդամակցության հարցը:

«Ես ուղղակիորեն հարցրեցի նախագահ Բայդենին` «Ի՞նչ կասեք ՆԱՏՕ-ի մասին: Ի՞նչ կասեք Ուկրաինայի` ՆԱՏՕ-ում ընդգրկվելու մասին: Ի՞նչ կասեք ՆԱՏՕ -ին մեր անդամակցության մասին, և ե՞րբ այն կարող է տեղի ունենալ»: Եվ նա ասաց, որքանով որ ես հիշում եմ…, «Կարծում եմ, որ դուք այնտեղ պետք է լինեիք, բայց դա միայն իմ որոշումը չէ»,- ասել է Զելենսկին:

Նրա խոսքով` Բայդենն ասել է, որ ողջունում է Ուկրաինայի ընդգրկումը դաշինքում, սակայն այս հարցը կախված չէ միայն իր որոշումից:

«Ես շատ գոհ եմ, որ մենք բարձր մակարդակի բանակցություններ վարեցինք Միացյալ Նահանգներում, – ասել է Ուկրաինայի նախագահը:- Մենք սպասում էինք դրան, և այն, որ մենք առաջին երկրների ցուցակում էինք, որոնց առաջնորդների հետ հանդիպել է Բայդենը, նշանակում է, որ մենք գերակա ենք Միացյալ Նահանգների համար: Մենք շատ շնորհակալ ենք դրա համար և դա տեսնում ենք որպես լավ ազդանշան: Բայց, ազդանշաններից բացի, անհրաժեշտ են նաև գործողություններ»:

Ինքնին հասկանալի է, որ ԱՄՆ-ը կնախընտրի կրակից շագանակներ հանել ուրիշի ձեռքով (տվյալ դեպքում` Ուկրաինայի), և ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ընդգրկմամբ ու հանուն նրա, երբեք չի գնա Ռուսաստանի հետ անմիջական ռազմական բախման կամ աշխարհակործան միջուկային պատերազմի: Բացի այդ, ՆԱՏՕ-ն, իր կանոնադրության համաձայն, չի կարող Ուկրաինային ընդգրկել իր կազմում, քանի դեռ այդ պետությունը տարածքային վիճելի խնդիր ունի որևէ այլ պետության հետ (տվյալ դեպքում` Ղրիմի հարցով Ռուսաստանի հետ): Այս ամենը Զելենսկին կամ չի հասկանում, կամ, ինչն ավելի հավանական է, շատ լավ էլ հասկանում է, բայց խնդիր ունի ուկրաինական ժողովրդին մանիպուլացնելու:

Ուկրաինայի նախագահի կողմից Ռուսաստանի հետ լիարժեք պատերազմի հնարավորությունը չբացառելուն օրերս անդրադարձել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նա Զելենսկու հայտարարությունները վտանգավոր է համարել ԵՄ երկրների համար: Ըստ նրա, ԵՄ առաջնորդները պետք է ուշադրություն դարձնեն Ռուսաստանի հետ պատերազմի վերաբերյալ Ուկրաինայի նախագահի հայտարարություններին, քանի որ դրանք չափազանց վտանգավոր են եվրոպական երկրների համար:

«Արդյոք եվրոպական երկրների ղեկավարները հասկանո՞ւմ են, որ Զելենսկու նման հայտարարությունները ծայրահեղ վտանգավոր են իրենց ժողովուրդների համար,- գրել է Վոլոդինը Telegram ալիքում:- ԵՄ առաջնորդները պետք է ուշադրություն դարձնեն նրան, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: Եթե ​​նրանք չեն ցանկանում, որ եվրոպացիները ներքաշվեն լայնածավալ պատերազմի մեջ»:

Պետդումայի նախագահը Զելենսկուն կոչ է արել մտածել խաղաղության, բարեկամության և հարաբերությունների զարգացման մասին, այլ ոչ թե պատերազմի, և ընդգծել, որ սա պետք է հասկանալ` նույնիսկ «եթե ամբողջ կյանքում սովոր ես կատակել և դերեր խաղալ», իմանալ, որ ցանկացած պատերազմ, ժամանակակից պայմաններում, կհանգեցնի ամբողջ երկրների ոչնչացմանը:

Զելենսկու վերոնշյալ հայտարարության առնչությամբ Կրեմլն արդեն պատասխանել է, որ «չեն ցանկանում տրվել ապոկալիպտիկ սպասումներին»:

ԱՄՆ-ի կողմից զինված և ռազմական ոլորտում ՆԱՏՕ-ի, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միանգամայն գործնական աջակցությունն ունեցող Ուկրաինան դոնբասյան պայթուցիչի գործարկմամբ ո՞ր դեպքում կսկսի Ռուսաստանի դեմ պատերազմը… Թեև կանխատեսումն անշնորհակալ գործ է, բայց այս դեպքում համարձակվենք կանխատեսել վերոնշյալ պատերազմը նախաձեռնելու հնարավոր դեպքերը

1. ՌԴ Պետդումայի առաջիկա ընտրությունների առիթով Ռուսաստանում ներքին իրավիճակի լուրջ ապակայունացման դեպքում (այդ ուղղությամբ ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է, ներառյալ` ընտրություններին փաստագրված անօրինական միջամտությունը, թե ի՞նչ արդյունքի կհասնի, անհայտ է):

2.«Թալիբան»-ի կողմից ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի համար լուրջ խնդիրների առաջացման դեպքում:

3.Թուրքիայի և Ադրբեջանի հետ պայմանավորվածության դեպքում, որ միաժամանակ կսկսեն պատերազմը` նրանք Հայաստանի և Արցախի, բնականաբար, նաև այդ պատերազմին անխուսափելիորեն միջամտող Ռուսաստանի (Հայաստանը համապատասխան պայմանագրեր ունի ՌԴ-ի հետ, բացի այդ, ՀԱՊԿ անդամ է, իսկ Արցախում ռուսական խաղաղապահներն են), իսկ Ուկրաինան` Դոնբասի ու, բնականաբար, տվյալ պատերազմի նկատմամբ անտարբեր չմնացող ՌԴ-ի դեմ:

 

Արթուր Հովհաննիսյան