Ֆրանսիայի Սենատի նախագահի համոզմամբ՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն կարևոր քայլ համարեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի քննարկումը ԵԽԽՎ-ում, ինչպես նաև՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի կողմից դրա հետ կապված համապատասխան հայտարարության ընդունումը: ՀՀ նախագահական նստավայրում պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ֆրանսիայի Սենատի նախագահը նշեց, որ դա կարող է միջազգային ճնշում լինել Ադրբեջանի վրա: Նրա խոսքով՝ Ադրբեջանը միջազգային պայմանագրերի,  զինադադարի եռակողմ հայտարարության համաձայն պետք է վերադարձնի և՛ ռազմագերիներին, և՛ աճյունները:

«Այս շաբաթ ԵԽԽՎ-ն քննարկումներ անցկացրեց ռազմագերիների հետ կապված, Եվրոպայի ժողովրդական կուսակցության խոսնակը, որը մեր Սենատի անդամ է, սոցիալական հարցերի գծով փոխնախագահ է, հիշեցրեց, թե ինչպիսի պահանջներ են ներկայացնում միջազգային կոնվենցիաները և զինադադարի մասին հայտարարությունը: Ես դա կարևոր  քայլ եմ համարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սենատի նախագահը:

Անդրադառնալով այն հարցին, որ Թուրքիան ներգրավվածություն է ունեցել Արցախի 44-օրյա պատերազմում՝ տարածաշրջան բերելով վարձկանների, ինչի մասին խոսել է նաև Ֆրանսիայի նախագահը, Սենատի նախագահը նշեց, որ Թուրքիայի որոշ արարքներ եվրոպական արժեհամակարգից դուրս են:

«Ես խոսում եմ որպես նախկինում Ֆրանսիա-Թուրքիա բարեկամական խմբի նախագահ: Ուզում եմ ասել, սիրելի բարեկամներ, ձեր արածներից շատ բաներ մեր արժեհամակարգից դուրս են: Եվրոպական խորհուրդն առաջիկայում որոշումներ պետք է կայացնի, եթե Թուրքիան շարունակում է որոշակի արժեքներ ոտնահարել»,-հավելեց Սենատի նախագահը: