Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև 2021թ. հունվարի 31-ը

Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման պատճառով դեկտեմբերի 14-ից Ադրբեջանում կրկին մի շարք սահմանափակումներ կմտցվեն։ Երկրում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվում է մինչև 2021թ. հունվարի 31-ը, իսկ մինչ հունվարի 18-ը հայտարարվում է խստացված հատուկ կարանտինային ռեժիմ։

Razminfo.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը կից ստեղծված օպերատիվ շտաբը։

Խիստ կարանատինային ռեժիմի ընթացքում երկրում մտցվելու են հետևյալ սահմանափակումները․

Մինչ 2021թ. հունվարի 18-ը կսահմանափակվի Բաքու, Սումգայիթ, Գյանջա, Մինգեչաուր, Շիրվան քաղաքների, Ապշերոնի շրջանի և Լենքորան, Մասալլը, Ջալիլաբադ, Շաքի, Զագաթալա, Ղուբա, Խաչմազ, Եվլախ, Բարդա, Բիլեսուվար ու Իսմայիլլի շրջանների շրջկենտրոնների երթևեկությունը;

Վերոնշյալ քաղաքներում ու շրջաններում կմտցվի մուտքի֊ելքի արգելք։ Բացառություն են միայն հատուկ նշանակության տրանսպորտային միջոցները, բեռնատարները և ականազերծման աշխատանքներ իրականացնող ազգային գործակալության տրանսպորտային միջոցները;

Համապատասխան միջազգային և ներքին ավիաթռիչքների տոմսեր ունեցող անձանց բնակության կամ գտնվելու վայրից տեղաշարժվելու թույլտվությունը տրամադրվելու է նրանց տոմսերի հիման վրա, իսկ պետական սահմանով, համապատասխան կարգով, երկիր ժամանող անձանց բնակության կամ գտնվելու վայր մեկնելու թույլտվությունը ՝ իրենց անձնագրերում դրվելիք դրոշմակնիքի հիման վրա;

Բնակիչները բնակության վայրը կարող են լքել միայն SMS֊թույլտվության կամ ՆԳՆ հատուկ ծառայությունից թույլտվության դեպքում, այդ թվում՝ անհրաժեշտ առևտուր անելու կամ հարազատի հոգեհանգիստ մասնակցելու համար;

Մինչ 2021թ. հունվարի 31-ը փակ կլինի Բաքվի մետրոպոլիտենը, իսկ հանրային տրանսպորտը չի աշխատի շաբաթ֊կիրակի օրերին;

Մինչև հունվարի 18-ը սրճարանները, ռեստորանները, առևտրի կետերը և այլ հասարակական վայրերը կարող են աշխատել միայն «առցանց» ռեժիմով;

Սահմանափակվում է նաև մյուս ոլորտների աշխատանքը, բացառությամբ այն կառույցների, որոնք համապատասխանում են օպերատիվ շտաբի կողմից սահմանված ոլորտներին;

Դիմակ կրելը պարտադիր է ամբողջ երկրի տարածքում՝ թե՛ փակ, թե՛ բաց տարածքներում։

Նշենք, որ դեկտեմբերի 8-ի դրությամբ Ադրբեջանում հայտնաբերվել է 154 152 նոր կորոնավիրուսի վարակման դեպք, որից 1713-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 93 411 մարդ։ Այսօրվա ընթացքում գրանցվել է վարակման՝ 4387, իսկ մահվան 38 նոր դեպք։

Ադրբեջանի նախագահի օգնական Շահմար Մյովսյումովն այսօր հայտարարել է, որ իրենք ստիպված են սահմանափակումներ մտցնել այնքան ժամանակ, քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի ստեղծվել։