Նիկոլի ժողովրդավարությունը` պոռնիկ, որը փորձում է կույս ձևանալ (մաս 2)

Սկիզբը` այստեղ

 

Մի խումբ քաղաքական գործիչներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս դատի են տվել ՀՀ կառավարությանը: Նրանք Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 8-րդ, 4-րդ գլխի 9.1-րդ և 10-րդ կետերն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են ՀՀ վարչական դատարան, դատարանը դիմումը երեկ արդեն ընդունել է վարույթ, բավարարել նաև դիմումով ներկայացված միջնորդությունը, այսինքն` մինչև դատաքննության ավարտը, կասեցրել ՀՀ կառավարության 2020 թ. N 1586-Ն որոշման վերոնշյալ կետերի գործողությունը:

Նշենք, որ 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 8-րդ կետի համաձայն` «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը», 4-րդ գլխի 9.1-րդ համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է», իսկ ըստ 10-րդ կետի, «Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ»:

Քաղաքական գործիչներն  իրենց վերոնշյալ դիմումը հիմնավորել են բազմաթիվ զորեղ և անվիճելի փաստարկներով:

Հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու  արգելքի ոչ իրավաչափությունը դիմումում նախ հիմնավորված է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետին նշված արգելքի հակասելու հիմքով: Կառավարության հիշյալ որոշման հավելվածի 3-րդ գլխի 8-րդ կետի համաձայն, հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելն արգելվում է, մինչդեռ կառավարության որոշումից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի` «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի համաձայն, ռազմական դրություն հայտարարվելու դեպքում հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը ոչ թե արգելվում է, այլ ընդամենը սահմանափակվում:

Ավելին. ինչպես նշված է հիշյալ դիմումում, հավաքների ազատության իրավունքը, ինչպես նաև այդ իրավունքի սահմանափակման սահմանները ամրագրված են նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 11.5. հոդվածով, որի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը»։

Եվ ամենակարևորը` ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

Ինչպես ակնհայտ է, մայր օրենքում պարզ գրված է` «Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել…», այսինքն` խոսքը նշված ազատության ոչ թե արգելքի, այլ ընդամենը սահմանափակման մասին է, ընդ որում, «միայն օրենքով»: Մինչդեռ հավաքների ազատությունը ոչ թե սահմանափակվել է, այլ ՀՀ ամբողջ տարածքում արգելվել դրանց կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը, ընդ որում, նշված արգելքը սահմանվել է ոչ թե օրենքով, այլ ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ: Այսպիսով ակնհայտ է ՀՀ  կառավարության 27.09.2020թ. 1586-Ն որոշման նշված դրույթի հակասահմանադրականությունը և հակաօրինականությունը, քանի որ այն հակասում է կառավարության որոշումից իրավական ավելի բարձր կարգավիճակ ունեցող ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ մասին, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետին, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային:

Ինչպես նշված է ՀՀ վարչական դատարան ներկայացված դիմումում, «Մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է լինեն իրավունքի գերակայության սկզբունքին խիստ համահունչ:  ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն. «Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում»»:

Այսպիսով, սահմանադրի կողմից հստակ ամրագրված է, որ արտակարգ դրության ժամանակ որոշակի իրավունքներ և ազատություններ, այդ թվում` ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով նախատեսված հավաքների ազատությունը, կարող են միայն սահմանափակվել, մինչդեռ կառավարության վիճարկվող որոշման հիշյալ դրույթներով դրանք ոչ թե սահմանափակվել, այլ ընդհանրապես արգելվել են:

Վարչական դատարան ներկայացված հիշյալ դիմումում նշված է նաև, որ «առանց որևէ ողջամիտ ու համաչափ չափանիշների, այդ իրավունքն ամբողջությամբ արգելելը, ինչը արտացոլվել է Կառավարության վիճարկվող որոշմամբ, անխուսափելիորեն առաջացնում է ակնհայտ հակասություն՝ Սահմանադրության հիշյալ նորմի դրույթները համարժեք արտացոլած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ը» կետի հետ, քանզի այդ իրավական նորմով որոշակի սահմանված է ոչ թե հավաքների ազատության արգելք, այլ սոսկ սահմանափակում։ Ընդ որում, «սահմանափակում» և «արգելում» եզրույթները միևնույն բովանդակությունը չունեն ոչ միայն իրավագիտության համատեքստում, այլև օրենսդրությունում, այդ թվում՝ նույն «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում։ Մասնավորապես, այդ օրենքի նույն 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը»‰  կետում հավաքների պարագայում օգտագործված է «սահմանափակում» եզրույթը, մինչդեռ՝ գործադուլների պարագայում՝ «արգելում» եզրույթը, ինչը բխում է օրենսդրի նպատակից, քանզի ռազմական դրության դեպքում գործադուլը համահունչ չէ կառավարման այդ հատուկ ռեժիմին, այն ակնհայտ աղերսներ ունի ռազմական ներուժի խոցելիության հետ, մինչդեռ՝ հավաքների ազատությունը միայն որոշ վերապահումներով կարող է աղերսներ ունենալ ռազմական դրության պարագայում անվտանգության երաշխավորման հետ»։

Դիմումատուների եզրակացությունը` ՀՀ  կառավարության 27.09.2020թ. 1586-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 8-րդ կետը հակասում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետին, քանի որ վիճարկվող իրավական ակտով սահմանվել են առավել բարձր իրավական ուժ ունեցող իրավական ակտով՝ օրենքով նախատեսված սահմանները գերազանցող արգելքներ։

Հավելենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում կիրառվում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը: Սա` ի գիտություն ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ գլխավոր դատախազին ու դատախազությանը, թեև, կարծում ենք, շատ լավ գիտեն նշվածի մասին: Ի գիտություն այն առումով, որ գալու է պատասխանատվության ժամը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան