Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու կամ առնվազն կասկածելու պետական դավաճանության մեջ (մաս-3)

Հաղորդում հանցագործության մասին

 

Սկիզբը` այստեղ

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեությունն արտահայտվել են նաև նրանում, որ 2020թ. հունիսին ձևականորեն ընդունելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջարկությունը` ՀՀ քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն նպատակաուղղելու անհրաժեշտության վերաբերյալ, իրականում տապալել է Ադրբեջանի հետ բանակցությունները` 2020թ. օգոստոսի 14-ին BBC-ի «HARDtalk» հաղորդմանը տված հացազրույցում բացատրելով ու վերահաստատելով, որ «Ղարաբաղը Հայաստան է»:

Ավելի վաղ նույնպես քաջատեղյակ լինելով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությանը և մեր զինուժի կարողություններին, Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 2019թ. օգոստոսի 5-ին կազմակերպված հանրահավաքում հայտարարել է` «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Համապատասխան իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանը «Ղարաբաղը Հայաստան է» վերահաստատումը կատարել է պատասխանելով BBC-ի թղթակցի հետևյալ հարցին. «Կներեք, երկուստեք մեղադրանքներ են հնչում հակառակորդի կողմից ռազմական գործողություններն սկսելու մասին: Բայց մեկ բան պարզ է. բախումներին նախորդած ամիսների ընթացքում Դուք ձեր գործողություններով ու հայտարարություններով էապես նպաստեցիք լարվածության մեծացմանը: Օրինակ, ինչո՞ւ անցյալ տարվա օգոստոսին Ստեփանակերտում Ձեր ելույթի ժամանակ Դուք հայտարարեցիք «Արցախը Հայաստան է, և վերջ»: Իսկ հետո Դուք հավաքվածների հետ միասին սկսեցիք վանկարկել ազգայնական կոչեր, ինչը կարելի է դիտել որպես Ադրբեջանի նկատմամբ ուղղակի սադրանք»:

Այսինքն` տեղյակ լինելով, որ նույնիսկ BBC-ի թղթակիցն է իրեն մեղադրում իր գործողություններով ու հայտարարություններով լարվածության մեծացմանը էապես նպաստելու մեջ, և որպես դրա օրինակ վկայակոչում 2019թ. օգոստոսին Ստեփանակերտում իր հայտարարությունը` «Արցախը Հայաստան է, և վերջ», Նիկոլ Փաշինյանը բացատրելով, թե ինչու է ասել, որ Ղարաբաղը Հայաստան է, իր այդ պատասխանով վերահաստատել, որ Ղարաբաղը Հայաստան է, դրանով իսկ հերթական անգամ էապես նպաստել է լարվածության մեծացմանը: Ընդ որում, ընդգծում եմ, Փաշինյանն այդպես է վարվել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության և մեր զինուժի կարողությունների վերաբերյալ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի զեկույցից կամ վերլուծությունից քաջատեղյակ լինելով լարվածության մեծացման անթույլատրելիությանը, քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն ուղղելու անհրաժեշտությանը:

Ավելին. Նիկոլ Փաշինյանի դավաճանական  անգործությունն արտահայտվել է նաև նրանում, որ նա մի որոշակի պահից հետո, ըստ էության, այլևս անիմաստ է համարել Արցախյան հիմնախնդրի կարգավորման նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները (մինչ այդ կայացած բանակցությունները եղել են ձևական, ժամավաճառություն), քանի որ իր պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո բանակցություններում մանևրելու Հայաստանի հնարավորությունները համարել է այլևս սպառված: Սույն «անմեղսունակը» վերոնշյալ հանգամանքը կամ տվյալ դիրքորոշումն արտահայտել է «Ֆեյսբուք»-ի իր էջում 2020թ. նոյեմբերի 10-ի ժամը 04:18-ի «Ինչու՞ եւ ով է մեղավոր» վերտառությամբ տեսաուղերձում` դրանով, ըստ էության, տալով ինքնախոստովանական ցուցմունք: Մեջբերում եմ տվյալ Փաշինյանի ելույթի տվյալ հատվածը.

«Մեր հույսը էն ա եղել, որ բանակցային գործընթացում կռուտիտ կլինենք: Լավ, 5 տարի կռուտիտ եղար, 6 տարի կռուտիտ եղար, 10 տարի կռուտիտ եղար, 15 տարի կռուտիտ եղար: Ինչքա՞ն կարելի է կռուտիտ լինել: Դրա վերջը գալիս է ի վերջո: Եվ երբ որ դու այդ վերջի մասին չես մտածում… Եվ մենք բոլորս էդ վերջի մասին չենք մտածել: Նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին մտածել, չեն մտածել, մենք էլ կողքից չենք արձանագրել, որ մենք գլորվում ենք դեպի էս օրը: Ես իմացել եմ դա, ես իմացել եմ դա, որովհետև առաջին օրից տեղեկացել եմ բանակցային բովանդակությանը, ընդ որում, բանակցային բովանդակությանը մի վիճակում, որտեղ կռուտիտների բոլոր ռեսուրսները այլևս սպառված են»:

Նիկոլ Փաշինյանը «մոռանում» կամ անտեսում է, որ արդեն շուրջ երկուսուկես տարի հենց ինքն է այն պաշտոնյան, ով անկախ բանակցություններում Հայաստանի վիճակից, մեր մանևրելու հնարավորությունների սպառված լինել-չլինելուց, ի պաշտոնե պարտավոր էր մտածել այդ վերջի մասին, և ոչ միայն մտածել, այլև գործել (ինչը դավաճանաբար չի արել, մանրամասն դեռ կհիմնավորենք), եթե 2018թ. մայիս-հունիսի դրությամբ բանակցություններում մանևրելու Հայաստանի հնարավորություններն այլևս իսկապես սպառված էին:

Իրականում բանակցություններում մանևրելու ՀՀ հնարավորությունները եթե իսկապես սպառվել են, ապա սպառվել են միայն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 2019թ. օգոստոսի 5-ի հանրահավաքում Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունից կամ BBC-ի «HARDtalk» հաղորդմանը 2020թ. օգոստոսի 14-ին տված հացազրույցում «Ղարաբաղը Հայաստան է» վերահաստատումից հետո: Տվյալ հանգամանքը և Ադրբեջանի կողմից հետայդու բանակցություններն անիմաստ համարելը, ուղղակիորեն թե անուղղակիորեն, ցինիկաբար խոստովանել է հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը, պատերազմից 2 օր առաջ` սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունում հանդես գալով սադրիչ ելույթով:

Ուշադրություն եմ հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Փաշինյանի այդ ելույթի (բացման խոսքի) և կառավարությունում նրա կողմից ՀՀ պաշտոնական այցով ժամանած Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության ընդունելության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը  ՀՀ կառավարության կայքում զետեղված է «Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի և սպառնալիքի լեզվով. վարչապետն ընդունել է Արցախի ԱԺ պատվիրակությանը» վերտառության ներքո:

Մեջբերում եմ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ բացման խոսքի համապատասխան հատվածը. «Գիտեք, որ տարածաշրջանում, ցավոք, բավական լարված իրավիճակ է հաստատված: Ըստ էության, մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, և շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն: Այս վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է մեզ մեղադրել բանակցությունները վիժեցնելու մեջ՝ այն տրամաբանությամբ, որ մենք արել ենք և անում ենք հայտարարություններ, որոնք անիմաստ են դարձնում բանակցությունները» (ընդգծումը` մերը):

Տվյալ հանգամանքը հաստատվում է նաև «Ալ Ջազիրայի» հետ հարցազրույցում  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությամբ, որ Հայաստանի վարչապետի հետ իր հանդիպումները անիմաստ էին ու ձևական բնույթ էին կրում, և Ալիևի այն պնդմամբ, որ բանակցությունները դադարել են, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե Արցախը Հայաստան է և վերջ:

Նախաքննության մարմինը պարտավոր է Փաշինյանին հարցնել` եթե բանակցություններում ՀՀ մանևրելու հնարավորություններն իսկապես սպառված էին, եթե, ձեր հայտարարության համաձայն, առաջին օրից տեղեկացել եք բանակցային բովանդակությանը, ընդ որում, բանակցային բովանդակությանը մի վիճակում, որտեղ, ձեր իսկ բառերով, «կռուտիտների բոլոր ռեսուրսները այլևս սպառված են», ապա ինչպես եք 2020թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունում հայտարարել`« Ըստ էության, մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք…»: Պարտավոր է հարցնել` սա ի՞նչ հակասություն, կեղծավորություն ու դեմագոգիա է…

Նիկոլ Փաշինյանի դավաճանական անգործությունը և գործունեությունը հիմնավորվում է նաև «Ռոսիա 24» հեռուստաալիքին 17.11.2020թ. տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած բացահայտումներով:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քրեական օրենսգրքերից բխող համապատասխան միջոցներ չձեռնարկելու պարագայում կրելու են անձնական պատասխանատվություն: Փաշինյանի իշխանությունը հավերժական չէ:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան