Հիմքեր ունեմ Նիկոլ Փաշինյանին մեղադրելու կամ առնվազն կասկածելու պետական դավաճանության մեջ (մաս-2)

Հաղորդում հանցագործության մասին

Սկիզբը` այստեղ

Իշխանությունները կարծես խելագարվել են, բարձրաստիճան պաշտոնատար անձինք հանդես են գալիս մեկը մյուսի հայտարարությունը հերքող հայտարարություններով, իսկ թե որն է իրականությունը, պետք է պարզեն նախաքննության մարմինը, քննչական խումբը` հարուցվելիք քրեական գործի շրջանակներում:

Այսօր ուշագրավ ուղերձով  ու բացահայտումներով հանդես եկավ նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը: Եթե նրա բացահայտումները համապատասխանում են իրականությանը (դա նույնպես նախաքննության պարզելու խնդիրն է), ապա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, թերևս նաև այլոց կողմից պետական դավաճանության կասկածն առավել է հիմնավորվում:

«Հա, էսօր մի քաղաքական գործիչ կա` ընդդիմադիր, որը իմ հրաժարականն է նաև պահանջել, երեկ չէ, առաջի օրը Շոշի դիրքերը թողել է, փախել, Շոշի դիրքերը թողել է, փախել, գեներալի ուսադիրներով, էսօր եկել, ասում ա` մենք մեր բանակի կողքը կանգնած ենք, բա ընչի՞ ա փախել,- «Ֆեյսբուք»-ի իր էջում նոյեմբերի 10-ին, ժամը 04:18-ին ուղիղ եթերում հանդես գալով «Ինչու՞ եւ ով է մեղավոր» վերտառությամբ տեսաուղերձով, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը:- Եվ ես համոզված եմ, որ այսօրվա կազմակերպիչների (նկատի ունի ՀՀ կառավարություն և ԱԺ ներխուժած անձանց) մեջ կան նաև այդպիսի մարդիկ…»:

Այսինքն` Շուշիի դիրքերը թողած, փախած սպաներ, զինվորներ:

«Հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այսօր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին հետևյալ գրառմամբ . «ՀՀ գլխավոր դատախազ, մի՞թե այսքանից հետո չի հարուցվելու քրեական գործ և պատասխանատվության չեն ենթարկվելու մեղավորները։

Դավաճան Նիկոլի դավաճան թիմը որոշել է իր դավաճանությունն ամբողջությամբ փաթաթել մեր Զինված ուժերի վզին։ Չի ստացվելու, փառք մեր բանակին»:

Արսեն Բաբայանն իր գրառմանը կցել է զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Եղիազարյանի` ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված 15.11.2020թ, զեկուցագրի պատճենը: Զորամասի հրամանատարը հիշյալ զեկուցագրով ՀՀ պաշտպանության նախարարին հայտնել է նոյեմբերի 15-ի առավոտյան իրեն ռազմական ոստիկանության վարչություն բերման ենթարկելու, ավտոմեքենան խուզարկելու, ՌՈ վարչության պետի աշխատասենյակում ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից իր հանդեպ տարբեր անհիմն ու մտացածին մեղադրանքներով սպառնալիքների, իրեն պաշտոնից ազատման զեկուցագիր ներկայացնելու և այլ անօրինական պահանջների, ՌՈ պետին հրահանգելու մասին, որ պաշտոնից ազատվելու զեկուցագիր չներկայացնելու դեպքում ՌՈ պետը զբաղվի իրենով և իր գլխին գործ սարքի, ինչպես նաև այլ մանրամասներ: Գնդապետ Կ. Եղիազարյանի կողմից հստակ մեղադրանք կա նաև ՌՈ պետի հասցեին:

Նիկոլ Փաշինյանի հիշյալ հայտարարությանը, զորամասի հրամանատարի նկատմամբ վերոնշյալ հետապնդմանը և ոտնձգությանը տրամագծորեն հակասում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի այսօրվա ուղերձի հենց առաջին պարբերությունը.

«Հարգելի հայրենակիցներ, զինակից ընկերներ. 2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, նրա դաշնակից Թուրքիայի և ներգրավված վարձկան-ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին պատվախնդրորեն ու պատերազմի առաջին իսկ վայրկյաններից կատարեցին իրենցից կախված հնարավոր ու անհնարին ամեն ինչ։ Հայ զինվորն անձնվիրաբար մարտնչեց, կենաց մահու կռիվ տվեց»։

Հիմա, պարոնայք, կողմնորոշվեք` ձեզանից ո՞վ է ներկայացնում իրականությունը… Անձամբ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելով ներքին թշնամանք հրահրելու և ազգային ներուժը թուլացնելու իր դավաճանական քաղաքականությունը, իր խոսքում նկատի ունենալով ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, գեներալ Արթուր Վանեցյանին, ստում է, սուտ մատնությամբ նրան անհիմն մեղադրելով դասալքության մեջ: Այսպիսի եզրակացության համար բավարար հիմք է Փաշինյանի և «Իմ քայլ»-ական պատգամավորների կողմից շրջանառվող այդ տեղեկությունների առնչությամբ 168.am-ի զրույցում

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենատ Լևոն Մնացականյանի հայտնածը. «Արթուր Վանեցյանը և այդ տղաներն այդ ուղղությունում՝ պաշտպանությունում եղել են ու գտնվել են իրենց տեղում, կանգնել են, օգնել են մեզ ընդհանուր պաշտպանության գործում։ Եթե չեմ սխալվում՝ եղել են 30-40 հոգի մարդ։ Վանեցյանն այդ պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է»:

Եվս մեկ մեջբերում 168.am-ի հետ պարոն Մնացականյանի զրույցից.

«Հարցին, եթե իրեն վստահված վայրը Արթուր Վանեցյանը չի լքել, այդ դեպքում ինչո՞ւ են նրա անունը շահարկում և ներկայացնում՝ որպես դասալիք, Լևոն Մնացականյանը պատասխանեց. «Չգիտեմ, ես այդ մասին որևէ բան չեմ կարող ասել, չեմ կարող ասել, թե ինչո՞ւ են նրա անունը շահարկում։ Բայց այն, որ նա ուղղություններից մեկում եղել ու մնացել է մինչև վերջ՝ փաստ է»։

Հաջորդ հարցին՝ եղե՞լ է որևէ դեպք, երբ Արթուր Վանեցյանը ստացել է որևէ առաջադրանք, սակայն այն չի կատարել, Լ. Մնացականյանը պատասխանեց. «Ոչ, նրանց խնդիրը միայն պաշտպանելն է եղել, առաջ գնալու խնդիր նրանց չի տրվել։ Իրենք տեղում այդ պաշտպանության  հարցն իրականացրել են»։

Անդրադառնանք ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այսօրվա ուղերձին: Օնիկ Գասպարյանն իր ուղերձով բացահայտել է, որ`

1.Դեռ 2020թ. հունիսի 12-ից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, իսկ մի քանի օր անց նաև՝ անվտանգության խորհրդին ներկայացրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները, նրանց իրատեսական վերլուծություն է ներկայացվել նաև հակառակորդի գործողությունների հավանական բնույթի և նրա զինված ուժերի կարողությունների վերաբերյալ:

Այստեղ մի կարևոր ընդգծում կատարենք. Նիկոլ Փաշինյանին և ՀՀ անվտանգության խորհրդին մեր զինուժի կարողությունները հայտնի են եղել նաև դրանից առաջ` ՀՀ պաշտպանության նախարարի, ինչպես նաև ԳՇ նախկին պետի զեկույցներից, ընդ որում, հայտնի են եղել գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Փաշինյանը տիրացավ իշխանությանը, այսինքն` 2018թ. մայիս-հունիսից, արդեն շուրջ 2,5 տարի:

2.Կատարված վերլուծության հիման վրա Նիկոլ Փաշինյանին և ՀՀ անվտանգության խորհրդին ներկայացրել է առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ (թե ի՞նչ առաջարկություններ, դրանք կատարվե՞լ են, թե ոչ, կամ դրանցից քանիսն են կատարվել ու քանի՞ տոկոսով, պետք է պարզի նախաքննությունը):

3.Իր հիշյալ առաջարկություններում մասնավորապես նշել է, որ «Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:

Այո, հարգարժան գեներալ-գնդապետը միանգամայն ճիշտ ու նույնիսկ մեղմ է նշել, որ Ադրբեջանի և Թուրքիայի համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, սակայն չպետք է անտեսել, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմին մասնակցել է խիստ մասնակիորեն, իր ռազմական ներուժի սոսկ չնչին մասով, որին Արցախն ու Հայաստանը կարող էին արդյունավետորեն դիմակայել, եթե չլինեին որոշակի դավաճանական գործողություններ և անգործության դրսևորումներ, որոնց մի մասին արդեն անդրադարձել եմ սույն հաղորդման առաջին մասում:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը Նիկոլ Փաշինյանին և ՀՀ անվտանգության խորհրդին հստակ ներկայացրել է իրավիճակը և անհրաժեշտ համարել «քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»: Ըստ Օնիկ Կարապետյանի, «Տրված առաջարկը անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց»: Սակայն…

Նիկոլ Փաշինյանի դավաճանական անգործությունը և գործունեությունն արտահայտվել են նաև նրանում, որ ձևականորեն ընդունելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի վերոնշյալ առաջարկությունը, իրականում, ինչպես վկայում է նաև փաստացի արդյունքը, ոչինչ չի արել ՀՀ քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն նպատակաուղղելու համար, կամ, «լավագույն դեպքում», այդ ուղղությամբ կատարել է խիստ անբավարար, ձևական քայլեր:

Նիկոլ Փաշինյանը պատերազմից ընդամենը 2 օր առաջ` սեպտեմբերի 25-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներում, մոտալուտ պատերազմի մասին տեղյակ լինելով հանդերձ, չի օգտագործել այդ հրաշալի առիթը նշված բարձր ամբիոնից այնպիսի ելույթ ունենալու համար, որը թույլ կտար խուսափել պատերազմից կամ գոնե հետաձգել այն:

Դեռ 2020թ. սեպտեմբերի 23-ին Livenews.am-ում հանդես գալով «Ադրբեջանի տեղեկատվական պատերազմի նոր փուլի նպատակը ֆիզիկական պատերազմի նախապատրաստումն է» վերտառությամբ հրապարակմամբ, հստակ նշել եմ.

«Չնայած մեր թշնամիների համակարգված գործողություններին, ցավոք, չենք տեսնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Արցախի Հանրապետության  արտաքին գործերի նախարարության կողմից Ալիևի վերջին հայտարարությունների, Ադրբեջանից ու Թուրքիայից մեզ մեղադրող ելույթների, հրապարակումների և ստեղծված իրավիճակի համարժեք գնահատականը և համապատասխան հայտարարություններն ու գործողությունները, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից առայժմ միայն լռություն է»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությունների առնչությամբ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի սեպտեմբերի 20-ի մեկնաբանությանը («Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում»)` հրապարակված ԱԳՆ կայքում, գրել եմ. «Ինչ վերաբերվում է Ալիևի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը, ապա, ինչպես ասում են, խելքերիդ ձյուն գա, Ալիևի հայտարարությունները ոչ թե այդ անկարողության դրսևորումն են, այլ ռազմական սադրանքների կամ պատերազմի տեղեկատվական նախապատրաստություն»:

Նշել եմ նաև, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները և առկա իրավիճակը սխալ է գնահատել նաև Արցախի արտգործնախարարությունը: Վերջինիս հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես նշված էր.

«Հարցազրույցի ընթացքում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը այն պայմաններում, երբ շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի վաղեմի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը և ամբողջությամբ սպառել է իրեն»:

Ընդգծել եմ, որ ի տարբերություն ՀՀ և ԱՀ արտգործնախարարությունների, Ալիևի հայտարարությունները ճիշտ է գնահատել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ ԱԺ-ում սեպտեմբերի 22-ին ճեպազրույցների ժամանակ նա ասել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարները, նրանց ռազմական վերնախավը շատ ակտիվ կերպով իրականացնում են ռազմական սադրանքների հնարավոր վերականգնման տեղեկատվական նախապատրաստություն, և հավելել, որ սա դեռ անչափ մեղմ է ասված։

Ավելորդ չեմ համարում մեջբերել նաև վերոնշյալ հոդվածի վերջաբանը.

««Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը կարևորել է, որ Հայաստանը, առաջին հերթին, հնարավոր և անհնար բոլոր միջոցներով, միջազգային խողովակներով այս հարցը բարձրացնի բոլոր հարթակներում, ինչը, ցավոք, դեռ չենք տեսնում թե՛ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնողի, թե՛ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մակարդակով: Չկա որևէ հայտարարություն նաև այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծի մոտ հայկական զինված ուժերի կենտրոնացման մասին Ալիևի ասածը վկայում է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի կողմից պատերազմի նախապատրաստման մասին»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան