Գաղտնի վայրում՝ փակ ձևաչափով Ժնևում մեկնարկել են ԵԱՀԿ ՄԽ-ի և Ադրբեջանի միջև ԼՂ հարցով բանակցությունները. ՌԻԱ Նովոստի

Հինգշաբթի Ժնևում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՄԱԿ-ի ժնևյան բաժանմունքին կից Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունից տեղեկացրել են, որ հանդիպումն ընթանում է ՄԱԿ-ի սահմաններից դուրս՝ գաղտնի վայրում: Հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով:

Հայտնի է, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկվանից գտնվում է Ժնևում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։