Բաքվի իշխանությունները վիրավորներին թողնում են ճակատում` մահանալու. Լապշին

Ռուս-իսրայելական բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը, որն Ադրբեջանում գրեթե մեկ տարի անցկացրել է բանտում՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանից մի մարդ ինձ սարսափելի բաներ է գրել: Նա բժիշկ է, փրկում է վիրավոր ադրբեջանցի զինվորների կյանքը, որոնց 11 օր շարունակ հսկայական քանակությամբ բերում են ռազմաճակատից: Նա գրել է, որ վիրավոր զինվորներից շատերն ասում են, որ իշխանությունները թույլ չեն տալիս իրենց հարյուրավոր տղաներին դուրս հանել ռազմի դաշտից, որոնք սարսափելի տանջանքների մեջ երկար ժամեր և նույնիսկ օրեր գտնվում են կրակի տակ:

Սա ի լրումն նրա, որ ադրբեջանցի զինվորների ավելի քան 2000 դիակներ կան, որոնք ոչ ոք չի հանում ռազմի դաշտից, քանի որ Բաքուն հրաժարվել է համագործակցել Կարմիր խաչի հետ: Երիտասարդների պատառոտված մարմինները ցրված են հարավում գտնվող Ջաբրայիլից դեպի հյուսիս ընկած Թալիշի մոտակայքում: Եվս մի քանի օր, և դրանցից շատերը դժվար կլինի նույնականացնել`մարմնի փտման գործընթացի պատճառով:

Եթե ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է կրակի տակ կամ հետախուզական խմբում կամ հատուկ նշանակության ջոկատում գտնվելու անխոհեմություն է ունեցել ու վիրավորվել իր դիրքերից հեռու, ապա նրան ցավալի մահ է սպասվում: Ոչ ոք նրան չի օգնի. ինչո՞ւ պետք է կրակի տակից հանեն վիրավոր ընկերոջը, երբ իրենք պետք է փրկվեն: Վիրավորները ցավից գոռում են՝ օգնություն խնդրելով: Բայց նրանց ոչ ոք չի օգնում: Նրանց վաղուց լքել ու մոռացել են: Այսպիսով` հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ զոհվում են տանջանքների մեջ, երբ նրանք ստամոքսում բռնել են թշնամու գնդակը կամ արկերի բեկորները:

Չնայած Կարմիր խաչի կոչերին` Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն համաձայնել որևէ ժամանակավոր հրադադարի՝ մահացածների մարմինները դուրս բերելու և վիրավորներին փրկելու փորձեր կատարելու համար», – գրում է Լապշինը: