ՌԴ ԱԻՆ-ի մասնագետները շարժական հոսպիտալ են բացել Բեյրութում

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները «Ցենտրոսպաս» ջոկատի աերոմոբիլային հոսպիտալ են բացել Բեյրութում: Այդ մասինօգոստոսի 6-ին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ՌԴ ԱԻՆ-ը Բեյրութ կուղարկի հինգ ինքնաթիռ՝ աերոմոբիլային հոսպիտալով, բժիշկներով, «Ցենտրոսպաս» աերոմոբիլային ջոկատի փրկարարներով և Ռոսպոտրեբնադզորի լաբորատորիայով՝ COVID-19-ի հայտնաբերման համար:

«Ցենտրոսպաս» ջոկատի աերոմոբիլային հոսպիտալը համալրված է վերականգնողական, վիրահատական, խորհրդատվական և ախտորոշման բլոկներով, այդ թվում՝ ուլտրաձայնային հետազոտության, ռենտգեն և էլեկտրասրտագրության բլոկներով:

Այն ունի նաև արյան լաբորատորիա: Հոսպիտալը նախատեսված է 50 տեղի համար եւ կարող է ինքնավար ռեժիմով գործել 14 օր: Նաև նրանում կարող է բացվել ինտենսիվ թերապիայի բլոկ՝ 6-10 մահճակալի համար: Աերոմոբիլային հոսպիտալի բժիշկները սարքավորման և տեխնիկական անձնակազմի վայրէջքից արդեն 30-40 րոպե հետո կարող են ձեռնամուխ լինել տուժածներին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուն: Հոսպիտալի լիամասշտաբ գործունեությունը կարող է ծավալվել 50-60 րոպե անց: