Թեհրան. «Դաժան վրեժն արդեն ճամփին է»

Տարածաշրջանում տեղի է ունեցել կարևոր իրադարձություն`Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցը Մոսկվա և նրա բանակցություններն իր գործընկերոջ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Իհարկե, մենք չգիտենք այդ բանակցությունների բոլոր մանրամասները, բայց կփորձենք ՀՀ քաղաքացիներին (ինչպես նաև այլ երկրների) տեղեկացնել ամենակարևորի մասին: Նախ, Զարիֆը Մոսկվա է բերել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված հաղորդագրությունը: Իրանը ուրախ է նշել, որ վերջին վեց ամիսների ընթացքում դա Իրանի արտգործնախարարի երրորդ այցն էր Մոսկվա: «Որպես Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի (JCPOA) կողմնակից՝ Ռուսաստանը վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևին դեմ է արտահայտվել: Իրանը և Ռուսաստանը համախմբված են ընդդեմ ԱՄՆ անմարդկային և միակողմանի պատժամիջոցների»,- գրել է Ռուսաստանում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին Twitter-յան իր էջում:

Ահա թե ինչ է հայտարարել ինքը՝ Զարիֆը, Մոսկվա կատարած այցի արդյունքների մասին. «Մոսկվայում կարևոր ուղերձներ բերեցի նախագահ Պուտինին: Ծավալուն բանակցություններ արտաքին գործերի նախարար Լավրովի հետ՝ երկկողմ համագործակցության մասին + տարածաշրջանային/համաշխարհային համակարգում: JCPOA-ի վերաբերյալ նույնական տեսակետները և միջազգային իրավունքին համապատասխանելու անհրաժեշտությունը: Պայմանավորվել ենք ստորագրել երկարաժամկետ համապարփակ համաձայնագիր ռազմավարական համագործակցության վերաբերյալ: Ես շեշտում եմ, որ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն արդեն ռազմավարական բնույթ են կրում: Բացի դրանից, ստեղծված իրավիճակում, երբ միջազգային մակարդակում տեղի են ունենում նշանակալի իրադարձություններ, երկու երկրների և այլ ընկերների միջև կանոնավոր երկխոսության անհրաժեշտություն է առաջանում»: Թեհրանից ստացված տվյալների համաձայն՝ Մոսկվայում բանակցությունների կարևորագույն թեմաներից մեկը Իրանի և Ռուսաստանի միջև 20-ամյա համաձայնագրի վերականգնման հարցի քննարկումն էր, որպեսզի այն ավտոմատ կերպով երկարաձգվի հինգ տարի ժամկետով:

Ահա թե ինչ է ասել Լավրովը բանակցություններից հետո. «Երկու երկրների միջև հարաբերություններն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Տարբեր նախարարությունների, այդ թվում՝ առողջապահության նախարարությունների միջև կան լավ պայմանավորվածություններ: Ռուսաստանն ու Իրանը ընդլայնում են իրենց տնտեսական հարաբերությունները, և մենք հույս ունենք, որ հաջորդ աշնանը Ռուսաստանում տեղի կունենա առևտրա-տնտեսական համագործակցության իրանա-ռուսական հանձնաժողովի նիստը»: Իհարկե, այս ամենը չափազանց քիչ է, որպեսզի մանրամասնորեն պարզենք, թե ինչ էին պարունակում կարևոր հաղորդագրությունները Պուտինի համար, ինչ էին մանրամասնությամբ քննարկում Լավրովը և Զարիֆը: Իրանա-ռուսական հարաբերությունների օրակարգը մի փորք հասկանալի է դառնում, երբ կարդում ես հուլիսի 20-ին ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի հարցերին դեսպան Ջալալիի պատասխանը. «Իրանը իսկապես շահագրգռված է ռուսական նոր զենք գնելու մեջ՝ իր պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար: Մենք խորհրդակցելու ենք Ռուսաստանի հետ այն մասին, թե ինչ է մեզ հարկավոր՝ ուժեղացնելու մեր պաշտպանական հնարավորությունները: Ռուսաստանի կառավարությունն ու ռուս ժողովուրդը դժվար պահերին միշտ եղել են մեր կողքին: Ռուսաստանն այս իմաստով մեր առաջնահերթ գործընկերն է»: Մենք չենք երևակայելու. ժամանակը կգա, և Իրանն ու Ռուսաստանը իրենք կտեղեկացնեն, թե արդյոք այդ ցանկում ներառված են, ենթադրենք՝ մարտական ​​ինքնաթիռներ (օրինակ՝ Սու-57) և ուղղաթիռներ (օրինակ՝ Կա-52), այս կամ այն ​​ժամանակակից մոդիֆիկացման տանկեր, սուզանավեր, ռադիոէլեկտրոնային պայքարի (EW) միջոցներ և այլն:

Մենք տեղեկացնենք նաև այն ֆոնի մասին, որը ուղեկցել է Մոսկվայում Ջավադ Զարիֆի բանակցությունները: Այսպիսով, Իրանի ԻՀՊԿ-ի հատուկ ջոկատային ստորաբաժանումները՝ արտգործնախարարի Ռուսաստան գործուղման նախօրեին, պարտության մատնեցին ահաբեկիչների մի քանի խմբավորումների և դիվերսանտների, որոնք պատրաստվում էին արևմտյան ուղղությամբ Իրան ներխուժել, – դժվար է որոշել՝ հանցագործները եկել էին Թուրքիայի՞ց, թե Իրաքից, բայց փորձել են ներխուժել Իրանի Քորդեստան նահանգ: Մեկ այլ ահաբեկչական խմբավորում ոչնչացվեց  Շիրազ նահանգում. սրանք հանցագործներ էին, որոնք կապված էին Մոջքհեդդին-է-Խալք (MEK) ահաբեկչական խմբավորման հետ, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների, Իսրայելի և Ֆրանսիայի գաղտնի ծառայությունների կողմից: Նույն օրը Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին բացահայտեց Իսրայելի և ԱՄՆ-ի գրգռիչների և քարոզիչների սուտը Սիրիայում իրանական ռազմական խորհրդականների դիրքերի վրա հարձակման մասին, ասելով. «Մենք նախազգուշացնում ենք սիոնիստական ​​ստախոսներին և նրանց տիկնիկավարներին, որ եթե նրանք շարունակեն իրենց չարիքը, նրանք գործի մեջ կտեսնեն Իրանի Իսլամական Հանրապետության և Դիմադրության ճակատը: Դիմադրության ճակատը հետ մղեց սիոնիստական ​​հարձակումը T-4 ավիաբազայի վրա Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում 2018 թվականին՝ հրթիռակոծելով 50 հրթիռ Իսրայելի կողմից գրավված սիրիական Գոլանի բարձունքներում, իսկ պատասխան հարվածի հետևանքով մեծ թվով իսրայելցիներ սպանվեցին կամ վիրավորվեցին: Լրատվամիջոցների արշավների, հոգեբանական պատերազմի և ստի միջոցով Իսրայելը վերջին 9 տարիներին միշտ փորձել է թաքցնել իր անկարողությունը և թուլությունը, ինչպես նաև իր պարտությունը՝ ի դեմս Սիրիայի դիմադրության: Իրանն արդեն գերազանցում է Իսրայելին»:

Հուլիսի 20-ին Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ծովակալ Ալի Շամխանին ասաց, որ Վաշինգտոնը սպառել է Իսլամական հանրապետության դեմ վերջին 40 տարվա ընթացքում իր բոլոր հնարավորությունները, և լիակատար ձախողվեց, և ԱՄՆ վարչակազմին ասել է, որ ժամանակն է ընդունել պարտությունը. «Ձախողման խոստովանումը՝ ընդդեմ հզոր Իրանի, ավելի լավ է, քան հիմար և անօգուտ բլեֆը»: Հուլիսի 21-ին և 22-ին Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնին Խամենեին և վերոհիշյալ ծովակալ Շամխանին բացահայտ հայտարարեցին, որ Թեհրանը երբեք չի մոռանա գեներալ Քասեմ Սոլեյմանի և իրաքյան շիաների հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիս նահատակներին, «և անպայման պատասխան հարված կհասցնի ԱՄՆ-ին. Իրանն և Իրաքը վրեժ են լուծում այդ նահատակների համար և չեն հանգստանա, քանի մեղավորները չեն պատժվել: Դաժան վրեժն արդեն ճանմփին է»:

Ոչինչ չենք ավելացնելու կամ մեկնաբանելու: Հիշեցնենք միայն, որ այս տարվա հունվարին մենք նախազգուշացրել էինք Հայաստանի քաղաքացիներին. Փոխհատուցման կարմիր դրոշները դեռ երկար ժամանակ չեն իջեցվելու Իրանի դրոշաձողերից…

Սերգեյ Շաքարյանց