Եթե ԱԺ ընդդիմությունը չվիճարկի սահմանադրական փոփոխությունները, մենք կվիճարկենք, կդիմենք նաև ՄԻԵԴ (տեսանյութ)

Այդ փոփոխությունն ինձ վերաբերել չի կարող, որովհետև ես պաշտոնավարել եմ 2014-ի օգոստոսից, պարտականությունների կատարմանն անցել եմ հոկտեմբերի 1-ից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ ՍԴ 12 տարի պաշտոնավարած դատավորները պետք է լքեն պաշտոնը:

Հարցին՝ ինչպե՞ս է վիճարկելու, եթե որոշվի, որ պետք է դադարեցնի աշխատանքը, Գյուլումյանն ասաց, թե չի կարծում՝ բանը դրան կհասնի:

Հարցին՝ այսինքն՝ վստա՞հ է, որ կշարունակի պաշտոնավարել, և իշխանությունները չեն փորձի իրեն հեռացնել, Գյուլումյանը պատասխանեց. «Իշխանությունների ընդունած օրենքն է, և այն ինձ վրա չի տարածվում»։

ՍԴ դատավորը նախագծի սահմանադրականությանը գնահատական չտվեց. «Նախ՝ վաղ է դրա համար, և երկրորդ՝ չեմ բացառում, որ որևէ մեկը կդմի ՍԴ, և ես չեմ ցանկանում ինձ կաշկանդել»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, թե ԱԺ պատգամավորներն այդ հարցով ՍԴ չեն կարող դիմել, ի վերջո՝ կարո՞ղ են, թե ոչ, Գյուլումյանն արձագանքեց. «Ենթադրում եմ, որ ԱԺ-ն կարող է դիմել ՍԴ, բայց դա քննարկվելիք հարց է, պետք է ուսումնասիրել»:

Եթե խորհրդարանական ընդդիմությունը չվիճարկի, դատավորները կարո՞ղ են վիճարկել հարցին ի պատասխան՝ ՍԴ դատավորն ասաց․ «Իհարկե կարող են, ներպետական միջոցները սպառելու դեպքում կդիմենք ՄԻԵԴ։ Ես անձամբ դա կանեմ, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը ևս, կարծում եմ, չեն լռի»։

Հարցին՝ շահերի բախման խնդիր չի՞ լինի, եթե ՍԴ-ն քննի ՍԴ-ին առնչվող հարց, Գյուլումյանը պատասխանեց, թե ամբողջ աշխարհում ընդունված է, որ սահմանադրական դատարանները քննության են առնում ցանկացած հարց. «Մեր ՍԴ-ն էլ նախկինում էլ քննության է առել նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքի դրույթների սահմանադրականության հարցը»,-հավելեց ՍԴ դատավորը:

Մանրամասները՝ տեսանյութում