Մենք պետության ձախողումը թույլ չենք տալու, անգամ եթե դա լինի մեր սեփական վարկանիշի հաշվին․ Մանե Թանդիլյան

«Ուզում եմ իմ ափսոսանքը հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, դա զարհուրելի տեսարան էր, ցավում եմ, որ մեր հասարակությունն ականտես եղավ, թե ինչպես է հնարավոր ԱԺ-ում բռնություն կիրառել, հարվածել միայն այն բանի համար, որ որևէ մեկը համարձակվել է չհամաձայնվել և հայտնել այլ տեսակետ իր որոշած ձևաչափով»,- մամուլի ասուլիսում  ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանն» ունի առաքելություն՝ պաշտպանելու չհամաձայնողների,  այլ տեսակետ ունեցողների շահերը, որովհետև ի՞նչն է պետության հզորությունը, եթե ոչ այլակարծությունը, բազմակարծությունը, տարբեր տեսակետների հանրագումարից լավագույն որոշումների կայացումը: «Եթե բոլորը պետք է համաձայնեն իշխանության հետ, և դա է իշխանության նպատակը, այդ իշխանությունն ու այդ պետությունը դատապարտված են ձախողման, մենք մեր պետության ձախողումը թույլ չենք տալու, անգամ եթե դա լինի մեր սեփական վարկանիշի հաշվին: Ակնհայտորեն նման միջադեպերն ազդում են բոլոր կողմերի վրա, և ԼՀԿ-ն դրանից զերծ չի մնում: Ինձ համար ուրախալի փաստ է արձանագրել, որ մեր քաղաքացիներն ունեն հետաքրքիր վերլուծական մոտեցումներ, դիտարկումներ և դիտողություններ»,- նշեց նա:

Թանդիլյանի խոսքով՝ մարդիկ նաև զարմանք են հայտնում այն պատճառահետևանքային կապի վերաբերյալ, որի միջոցով իշխանությունը փորձում է արդարացնել բռնության կիրառումը․ «Ես ցավով եմ դա արձանագրում, որովհետև մենք մտածում էինք, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարությունը և ազատ խոսքը նահանջ չի ապրելու,-ասաց պատգամավորը և հավելեց,- բայց յուրաքանչյուր կաշկանդված խոսքը կամ խոսելուց առաջ կաշկանդվածությունը, մտածելը՝ իսկ միգուցե այս խոսքի կամ այս արտահայտած անհամաձայնության համար ես որևէ վնաս կկրե՞մ, դա արդեն հենց այն վտանգն է, որը չպետք է տեղի ունենա ժողովրդավարական, ազատ խոսքը պաշտպանող հասարկաության մեջ»:

Թանդիլյանը համոզված է՝ ԼՀԿ-ն այդ ծանր գործը պետք է պատվով անի, պարտավոր է անել, որովհետև դա բխում է պետության շահերից: «Անկախ այն հանգամանքից, որ բավարարված չենք իշխող մեծամասնության թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականից, իրավիճակից, պատրաստվում ենք շարունակել մեր աշխատանքներն էլ ավելի ուժեղ, էլ ավելի բարձր մակարդակով, էլ ավելի բովանդակային, հասցեական՝ առաջ մղելով մեր պետության առջև ծառացած խնդիրների լուծման մեր առաջարկներն ու նախագծերը»,- ընդգծեց նա: