Հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, իսկ հնի շուրջ հրաժարվել ենք բանակցել. Փաշինյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին

Տեղի է ունենում քննարկում, խոսակցություն, բանակցություն այս իրավիճակի վերաբերյալ: Իր առցանց ասուլիսի ժամանակ այսպես ասաց կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, թե բանակցային սեղանին կա փուլային կարգավորման տարբերակ:

«Մենք մեր դիրքորոշումն արձանագրել ենք, և հարց է եղել, թե արդյոք մենք շարունակելու ենք բանակցություններն այն կետից, ինչ կետից թողել է Սերժ Սարգսյանը: Մենք ասել ենք՝ ոչ, որովհետև այն, ինչ մենք ստացել ենք որպես ժառանգություն, մեզ համար ընդունելի չէ: Եվ մնացած հարցերին պատասխանել ենք»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ պետք չէ կաշկանդել իրենց, որ բանակցային սեղանի շուրջ չխոսեն և չլսեն: «Կան ամենատարբեր տեսակետներ Ղարաբաղյան հիմնահարցի ձևերի և փուլերի վերաբերյալ, և փուլային և փաթեթային ասելով՝ պետք է հասկանանք նաև, թե ինչ ենք հասկանում: Փաթեթային ասելով՝ ի՞նչ ենք հասկանում: Հասկանում ենք, որ հիմնախնդիրը լուծվելու է մեկ ժամո՞ւմ: Փուլային ասելով՝ ի՞նչ ենք հասկանում, որ հարցը լուծվելու է հարյուր տարո՞ւմ: Սրանք հարցեր են, որոնք պետք է շատ մանրամասն պարզաբանվեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է բանակցային սեղանին եղած փաստաթղթին, ապա ըստ վարչապետի, հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, իսկ հնի շուրջ հրաժարվել են բանակցել:

«Դա չի նշանակում, որ բանակցությունների ժամանակ մասնակիցներից մեկի ձեռքի տակ այդ փաթեթը չէր կարող լինել: Ես նկատի ունեմ, որ պետք չէ Ղարաբաղի հարցի շուրջ առավել ևս մեզ փորձել դնել մի վիճակի մեջ, որ մենք վախենանք ինչ-որ բան ասել կամ լսել: Մեր խնդիրն ի՞նչ է: Պետք է գտնենք լուծում, որը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ այս քննարկումները, բանակցությունները նրա համար են, որ այդ լուծումը գտնվի»,- ասաց նա:

Անդրադառնալով քննադատություններին, ըստ որոնց, հնարավոր չէ նման լուծում գտնել, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե հնարավոր չէ, ուրեմն լուծում չի լինի, սակայն իրենց խնդիրն է գտնել այդպիսի լուծում:

«Դա հաղորդակցություն է, որի ընթացքում կարող է ամեն ինչի մասին էլ խոսվի»,- ասաց նա:

Նա նորից ընդգծեց, որ իրենք իրենց դիրքորոշումը ներկայացրել են, որից չեն հրաժարվի: «Այն պահին, որ զգանք կա կոմպրոմիսի հնարավորություն, որին մենք չպետք է ասենք՝ չէ, այդտեղ պետք է ճկունություն ցուցաբերենք»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ բոլորն են խոսում փոխզիջումներից, սակայն յուրաքանչյուր կողմ ունի իր համար անընդունելի փոխզիջումը: