Չինական Սիան քաղաքը կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցում է Գյումրուն

Չինական Սիան քաղաքը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնում է Գյումրուն։ Սիանից Գյումրի է հասել պաշտպանիչ միջոցների խմբաքանակ։ Այս մասին տեղեկանում  ենք Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

Գյումրու քույր քաղաքի՝ չինական Սիան քաղաքի աջակցությունը ներառում է.

Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ-20.000 հատ

Պաշտպանիչ հանդերձանք -1000 հատ

Պաշտպանիչ ակնոցներ-100 զույգ

էլեկտրոնային ջերմաչափ-50 հատ

«Հարկ է նշել, որ Սիանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար այս տարվա փետրվար ամսին համայնքի ավագանու որոշմամբ գումար հատկացվեց բժշկական պարագաներ՝ դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ (20.000 բախիլ, 14.230 դիմակ, 10.000 ձեռնոց, 1000 խալաթ) ձեռք բերելու և Սիան քաղաք ուղարկելու համար:

Փոխադարձ աջակցությունը չուշացավ, ինչի համար շնորհակալության և երախտիքի մեր խոսքն ենք հղում Գյումրու քույր քաղաք Սիանին: Սա ևս մեկ վկայություն է երկու քաղաքների միջև առկա սերտ կապերի ու փոխադարձ համագործակցության»,- ասված է Գյումրու քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Գյումրին և Սիանը քույր քաղաքներ են 2015 թվականից։ Երկու քաղաքների միջև կնքվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Այս տարվա փետրվարին Սիանին բժշկական պարագաներ հատկացնելու համար Գյումրու քաղաքային բյուջեից 2 մլն դրամ է հատկացվել։