Ես հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդը՝ Արցախի և Հայաստանի անկախության և կայունության գործընթացում. Կարեն Կարապետյան

Այսօր Ազգային ժողովի ապրիլյան քննիչ հանձնաժողովի հրավերով ԱԺ էր եկել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ է նա անձնական երաշխավորություն ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար՝ Կարեն Կարապետյանը նշեց. «Ես միջնորդության մեջ ֆիքսել եմ դա, և, ինձ թվում է, տրամաբանությունը պարզ է։ Ինչպես շատերը, այնպես էլ ես շահագրգռված եմ, որպեսզի «Մարտի 1-ի» հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որպեսզի բաց կողմ չլինի, և այն համապատասխան նստվածք չթողնի։ Երկրորդը՝ ես հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդը՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության և կայունության գործընթացում։ Երրորդը, 2 տարի է համարյա, այս դատական պրոցեսը տևում է, և հավանական է, որ շատ երկար ժամանակ դեռ կարող է այն տևել, այդ իսկ պատճառով էլ ես միջնորդություն եմ տվել, որպեսզի խափանման միջոցը փոխվի»:

Լրագրողների այն հարցին, որ արդյոք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվո՞ւմ է քաղաքական հետապնդում, Կարեն Կարապետյանը նշեց. «Ինձ թվում է, որ այս պրոցեսը բավականին գրգռված և քաղաքականացված է։  Ինչպես կգնահատեն իմ քայլը, ես հիմա հիմնավորել եմ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր տեսակետը հայտնելու իրավունք ունի։ Որևիցե մեկը չի ասում՝ անմեղացրեք մեղավորին, մենք ընդամենը ասում ենք՝ հաշվի առնելով այս հանգամանքները՝ պրոցեսը կատարեք մեկ այլ կերպ՝ խափանման միջոցը փոխելով»։