«Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անարդյունավետ են, բայց մոտ ժամանակներս դժվար թե դրանք վերանայվեն». ԵԽ փոխնախագահ

Եվրամիության հակառուսական պատժամիջոցները ցույց են տվել իրենց անարդյունավետությունն ու լուրջ վնաս են հասցրել եվրոպական երկրների տնտեսությանը, սակայն մոտ ժամանակներս դժվար թե դրանք վերանայվեն:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի փոխնախագահ, Իտալիայում իշխող «Հինգ աստղի շարժում» կուսակցության առաջատար քաղաքական գործիչ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:

«Պատժամիջոցները որպես զսպող գործոն ցույց են տվել իրենց անարդյունավետությունն ու լուրջ վնաս են հասցրել տնտեսության մի քանի ճյուղերի՝ բացասական ազդեցություն ունենալով պատժամիջոցների հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց մեծաքանակ խմբերի վրա: Դրանց վերանայումն այսօր-վաղը տեղի չի ունենա, բայց կարծում եմ, որ այս ստատուս-քվոն ոչ կայուն է, ոչ էլ շահավետ ԵՄ-ի և ՌԴ-ի համար»,-հայտարարել է եվրոպացի քաղաքական գործիչը:

Կաստալդոն հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ սահմանվել են Ղրիմի միացման ու Դոնեցկում և Լուգանսկում ստեղծված լարվածության պատճառով: Խոսելով Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի մասին՝ նա ընդգծել է, որ չնայած մի քանի քայլ դեպի առաջ արվել է, ինչպիսիք են գերիների և դատապարտվածների միաժամանակյա ազատումը Մոսկվայի և Կիևի կողմից, այնուամենայնիվ, այստեղ լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել:

«Մինսկ-2-ի համաձայնություններից 5 տարի է անցել, բայց դրանք այդպես էլ չեն իրականացվել: Սակայն դրանց տեքստում անգամ ընդգծված է արագորեն հրադադարի անցնելու մասին կետը, ոչ թե երկարաժամկետ խաղաղության մասին պայմանագիրը: Վերջին տարիներին շատ բան է փոխվել, և հնարավոր է, որ արժեր ուղղումներ մտցնել համաձայնագրում՝ այն ավելի հարմարեցնելով նոր իրականությանը, որին համաձայն է նաև Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն»,-ընդգծել է Կաստալդոն:

Եվրախորհրդարանի փոխնախագահը հայտարարել է նաև, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների վերանայման քննարկումը մնալու է միջազգային և եվրոպական դիվանագիտական ոլորտում: Նա հիշեցրել է, որ Իտալիան բազմիցս դեմ է արտահայտվել այդ պատժամիջոցներին  և նմանատիպ դիրքորոշում ունեն նաև Հունգարիան, Հունաստանը, Ֆրանսիան, Կիպրոսը, Սլովակիան և Գերմանիան: Կաստալդոն նշել է նաև, որ Մոսկվայի կողմից նույնպես պատասխան քայլեր կպահանջվեն, հակառակ դեպքում պատժամիջոցների չեղարկումը կարճ ժամկետներում շատ դժվար կլինի: