Գերմանիան մինչև հունիսի 14-ը հնարավոր չի համարում միջազգային ուղևորությունների վերականգնումը

Գերմանիայի կառավարությունն ապրիլի 29-ին միջազգային ուղևորությունների վտանգի մասին զգուշացման ժամկետը երկարաձգել է մինչև հունիսի 14-ը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասին:

«Սա այն որոշումն էր, որ մենք պետք է ընդունեինք, քանի որ իրավիճակը այնքան չի փոխվել, որպեսզի մենք կարողանանք անհոգ ճանապարհորդել: Ինչպես առաջ, հիմա էլ շատ երկրներում սահմանափակումներ են գործում, կարանտինային միջոցառումներ են, դադարեցվել է միջազգային ավիահաղորդակցությունը, այդ իսկ պատճառով հարկավոր է երկարացնել աշխարհով ճանապարհորդելու վտանգի մասին նախազգուշացումը մինչև հունիսի կես»,-հայտարարել է Մաասը:

Նա ավելացրել է, որ նույնիսկ մի շարք երկրներում սահմանափակումների մեղմման պարագայում «պետք է հիմնվել այն իրողության վրա, որ դեռ շաբաթներ կանցնեն, մինչև Գերմանիայում և այլ երկրներում իրավիճակը կայունանա»:

«Այդ իսկ պատճառով մենք հնարավոր չենք համարում հաջորդ շաբաթների ընթացքում, գոնե մինչև հունիսի 14-ը միջազգային ուղևորությունների վերականգնումը»,-հավելել է Մաասը:

Վերջին տվյալներով՝ Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 160 059 դեպք, վարակման հետևանքով մահացել է 6314 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 160 779 է, մահացել է 219 265 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: