Ունեցել ենք նաև կորոնավիրուսով վարակված ժամկետային մի քանի զինծառայող, որոնցից 3-ն արդեն դուրս են գրվել. Սահակ Օհանյան

ՀՀ զինված ուժերի այն զորամասը, որի զինծառայողների շրջանում արձանագրվել էին կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը, վերադարձել է իր բնականոն գործունեությանը։ Ապրիլի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։

«Այսօր առավոտյան այդ զորամասում մեկուսացվածների թիվը զրո է, որովհետև, վերջին տվյալներով, այն զինծառայողները, որոնց մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, կրկնակի թեստավորումից հետո դուրս են գրվել, անցել են ծառայողական պարտականությունները կատարելուն։ Մնացած կազմը, որն անցել էր զորանոցային ռեժիմի, թեստավորվել է, բոլորի պատասխանները բացասական են։ Զորամասն անցել է իր բնականոն գործունեությանը»,- նշեց  Օհանյանը։

Հարցին` ժամկետայինների շրջանում եղե՞լ են վարակման դեպքեր, Սահակ Օհանյանը պատասխանեց. «Ունեցել ենք նաև ժամկետային մի քանի զինծառայող, որոնցից 3-ն արդեն դուրս են գրվել: Հուսով եմ, որ մոտակա օրերս մնացած ժամկետայիններն էլ դուրս կգրվեն»:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը նշեց, որ ծնողների հետ կապ է հաստատվում, և նրանք տեղյակ են լինում ոչ միայն տղայի`վարակված լինելու, այլև բուժման ընթացքի մասին:

Վարակված ժամկետայինները նախապես մեկուսացված են եղել: