Անկարայի նկրտումները տարածվում են նաև զենքի շուկայի վրա

Թուրքիան հանկարծակի ցանկություն է հայտնել ռազմական տեխնիկայի ոլորտում «ինչ-որ բանի» արտահանող դառնալ: Ռազմական տեխնիկայի և բաղադրիչ մասերի առումով մեծապես կախված լինելով արևմտյան գործընկերներից, Թուրքիան այնուամենայնիվ հավակնոտ ծրագրեր ունի առաջատար դիրք գրավելու տարածաշրջանային սպառազինությունների շուկաներում, հատկապես Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Ռազմական գործողությունների Սիրիական թատերաբեմը այս առումով հիանալի ցուցադրական հարթակ է ապագա հաճախորդների համար: Մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի զանգվածային օգտագործման փորձը թուրքական հրամանատարության կողմից գնահատվել է որպես դրական և նույնիսկ հանգեցրել տարածաշրջանում «նոր ռազմական դոկտրինայի» առաջացմանը: Այնուամենայնիվ, Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարությունը չի բացատրել այս դոկտրինայի էությունը:

Ստիպված ենք հաստատել՝ իսկապես, թուրքական բանակի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնելու ամենակարևոր գործոններից մեկը դարձավ թուրքական ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) արտադրանքի մարտական ​​կարողությունների ցուցադրումը: Եվ այս քաղաքականությունն սկսել է պտուղներ տալ: Վերջերս Թունիսի կառավարությունը պայմանագիր է կնքել թուրքական «Turkish Aerospace Industries» (TAI) ընկերության հետ՝ վեց «Անկա-Ս» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և երեք կառավարման կայանների մատակարարման վերաբերյալ: Պայմանագրում նախատեսված է նաև տեխնոլոգիաների փոխանցումը: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 240 միլիոն դոլար: Բայց մենք առաջարկում ենք թերահավատորեն վերաբերվել Թուրքիայի հնարավորություններին նույնիսկ ԱԹՍ-ի ոլորտում. բոլորն էլ գիտեն, որ նույնիսկ Թուրքիայի «կրտսեր եղբայրը»՝ Ադրբեջանը, գերադասում է իսրայելական արտդրության անօդաչու թռչող սարքերը:

Թուրքիան Հյուսիսային Աֆրիկայի սպառազինությունների շուկայում ընդհանրապես նորեկ է: Այստեղ գլխավոր դերակատարներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Այսպիսով, Անկարան իրավունք չունի դիտարկել ԱԹՍ-ների մատակարարման պայմանագիրը որպես առանցքային: Թունիսը նույնպես, նույնիսկ  աֆրիկյան չափանիշներով, այն երկիր չէ, որ զենքի և տեխնիկայի գնման առումով «նորաձևության օրենսդիր» դառնա: Այսպես թե այնպես, Թունիսի համար անօդաչու թռչող սարքերը կմատակարարվեն հետախուզական տարբերակով: Բայց սպասվում է նաև հարվածային տարբերակի առաքում: «Անկա-Ս»-ն կարող է կրել ինչպես տարբեր տեսակի հրթիռներ, այնպես էլ Roketsan MAM-L կարգավորվող ռումբեր: Բայց, մեր կարծիքով, Թունիսը՝ որպես արաբական երկիր, արդեն լիովին տեղյակ է (Սիրիայից), որ թուրքամետ ահաբեկիչների կողմից թուրքական արտադրության ԱԹՍ-ներ օգտագործելու բոլոր փորձերը, օրինակ, ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայի դեմ, ավարտվել են այդ անօդաչու սարքերի ոչնչացմամբ: Նշանակալի է նաև այն, որ TAI ընկերությունը Թունիսի պայմանագիրը ստացել է Իդլիբի դեսկալացիայի գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո, որտեղ «Անկա-Ս» անօդաչու թռչող սարքերն օգտագործվում էին ոչ միայն ակտիվորեն, այլև լայն մասշտաբով՝ Bayraktar TB2 հարվածային մարտավարական ԱԹՍ-ների հետ մեկտեղ, որոնք նաև թուրքական արտադրության են: Բայց սիրիական ՀՕՊ-ը նույնպես հաջողությամբ խոցում էր այդ անօդաչու սարքերը: Թուրքական ԱԹՍ-ները հավաքագրում էին հետախուզական տվյալներ և աջակցում ահաբեկչական հարձակումներին սիրիական բանակի դիրքերի վրա: Բայց, ընդհանուր առմամբ, այս արշավում թուրքական բանակը՝ գրոհայինների հետ միասին, լիակատար պարտություն է կրել:

Որոշ տեխնիկական տեղեկություններ. «Անկա-Ս» բազմաֆունկցիոնալ անօդաչու սարքը պատրաստված է հիմնականում կոմպոզիտային նյութերից: Այն ունի 1,6 տոննա առավելագույն թռիչքային քաշ (օգտակար ծանրաբեռնվածությունը՝ 200 կգ): Թևի երկարությունը 17,4 մ է, ընդհանուր երկարությունը 8 մ-ից պակաս։ ԱԹՍ-ն հագեցած է 155 ձիաուժ հղորությամբ Thielert Centurion 2.0 մխոցային շարժիչով: Օդում գտնվելու հայտարարված առավելագույն տևողությունը 24 ժամ է, թռիչքի բարձրությունը կարող է հասնել 9 կմ-ի:

Ինչ վերաբերում է սպառազինության շուկաները նվաճելու ծրագրերին, ապա թուրքական ռազմարդյունաբերական համալիրը, բացի անօդաչու սարքերից, առայժմ առաջարկելու բան չունի: Օրինակ՝ տասից ավելի տարիներ շարունակ թուրքերը չեն կարող ավարտին հասցնել իրենց հայրենական հիմնական մարտական Altay նոր սերնդի տանկի ստեղծման ծրագիրը: Համեմատության համար նշենք. Իրանից մեր հարևանները ստեղծեցին իրենց հիմնական մարտական տանկը`«Carrar» (թարգմանված «Հարձակվող»), և իրանական զինված ուժերն ամեն տարի ստանում են այդ տանկերը բանակում և  ԻՀՊԿ-ում: Դեռևս 2017 թվականին Իրանի կառավարությունը ներքին արտադրողներին պատվիրեց մինչև 800 «Carrar»  տանկ:

Սերգեյ Շաքարյանց