Արշակ Սրբազանը հայցեր է ներկայացրել ընդդեմ կարգալույծ Ստեփան Ասատրյանի և Արման Սարոյանի
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայց է ներկայացրել կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) դեմ։ Սրբազանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին հերքել զրպարտություն համարվող հայտարարությունները, ինչպես նաև իր օգտին բռնագանձել 999 դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Հայցադիմումի առիթը սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում Ստեփան Ասատրյանի հնչեցրած հայտարարություններն են։
Արշակ Սրբազանի գնահատմամբ՝ նշված հայտարարությունները զրպարտություն են։ Նա դատարանից պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին հերքում հրապարակել նույն լրատվամիջոցով՝ հետևյալ բովանդակությամբ.
«27.09.2026-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» (Հ1) եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում իմ հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը, և ես զրպարտել եմ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին»։
Հայցով նաև պահանջվում է, որ նույն բովանդակությամբ հերքումը հրապարակվի ՀՀ-ում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում, եթե այն նույն հեռուստաընկերությամբ հրապարակելն անհնար լինի։ Հայցադիմումը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին։
Արշակ Սրբազանը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել կարգալույծ եղած Արման Սարոյանի (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) դեմ։
Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել Սարոյանին հրապարակայնորեն հերքել 2026 թվականի սեպտեմբերի 30-ին «FreeNews Armenia» առցանց հարթակում հեռարձակված հարցազրույցի ընթացքում իր վերաբերյալ հնչեցրած՝ իրականությանը չհամապատասխանող և զրպարտություն համարվող փաստական տվյալները։
Հայցապահանջի համաձայն՝ պատասխանողը պետք է հերքումը հրապարակի նույն լրատվամիջոցով՝ նշելով, որ հարցազրույցի ընթացքում իր հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը, և ինքը զրպարտել է Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Նույն լրատվամիջոցով հերքում հրապարակելու անհնարինության դեպքում հայցվորը պահանջում է այն հրապարակել Հայաստանի Հանրապետությունում գործող՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նաև պահանջում է Արման Սարոյանից հօգուտ իրեն բռնագանձել 1 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 28-ին և մակագրվել դատավոր Գոհար Ֆիդանյանին։

