Բելառուսում արգելել են հայկական «Արամե» և վրացական «Շիոյի մառան» կոնյակների վաճառքը
Բելառուսում արգելվել է երկու տեսակի կոնյակի՝ հայկական 7 տարվա հնեցման «Արամե»-ի և վրացական 8 տարվա հնեցման «Շիոյի մառան»-ի ներմուծումն ու վաճառքը։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը` հղում անելով Բելառուսի Պետական ստանդարտացման կոմիտեին։
Փորձաքննությունների արդյունքում, ըստ Պետական ստանդարտացման կոմիտեի, պարզվել է, որ արտադրողների կողմից որպես բարձրորակ կոնյակ ներկայացվող հայկական և վրացական խմիչքները չեն համապատասխանում ոչ միայն որակի սահմանված պահանջներին, այլև կոնյակ համարվելու համար անհրաժեշտ չափանիշներին։
Նշված է, որ երկու արտադրատեսակն էլ չեն համապատասխանում Մաքսային միության՝ սննդամթերքի անվտանգության և մակնշման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերին, ինչպես նաև կոնյակի համար սահմանված ընդհանուր տեխնիկական բնութագրերին։
«Արտադրողի կողմից սպառողական փաթեթավորման մակնշման մեջ նշված անվանումը հավաստիորեն չի բնութագրում սննդամթերքը և թույլ չի տալիս այն նույնականացնել այդ անվանմամբ»,– նշել են կոմիտեից։
Հայկական և վրացական նշված կոնյակների ներմուծումն ու իրացումը Բելառուսի տարածքում կարգելվի 2026 թվականի հոկտեմբերի 31-ից։

