Կատարի պատվիրակությունը Թեհրանում է
Կատարի պատվիրակությունը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ժամանել է Թեհրան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր նոր դիվանագիտական գործընթացի շուրջ քննարկումների ֆոնին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Կատարի նախորդ պատվիրակությունը Թեհրան էր ժամանել կիրակի օրը՝ հոկտեմբերի 25-ին։ Ըստ առկա տեղեկությունների՝ այն Իրանի իշխանություններին փոխանցել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նամակը և առաջարկել Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունների նոր գործընթաց սկսել։
Ըստ լրատվամիջոցի՝ նոր պատվիրակության այցի ընթացքում ակնկալվում է, որ Կատարը կարող է ստանալ Վենսի նամակին Իրանի պատասխանը։ Պատվիրակությունը նաև կարող է մանրամասներ ներկայացնել հնարավոր նոր դիվանագիտական գործընթացի վերաբերյալ։
Իրավիճակին ծանոթ աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կարող է տեղի ունենալ հանդիպում, որի անցկացման համար դիտարկվում են Դոհան կամ Ստամբուլը։ Այս տեղեկությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել։

