Փեզեշքիանը Թրամփին՝ Իրանը ահաբեկչության զոհ է, ոչ թե ահաբեկիչ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախորդ օրը հնչեցրած հայտարարություններին՝ մերժելով Իրանի հասցեին ահաբեկչությանը աջակցելու վերաբերյալ մեղադրանքները։ Այս մասին գրում է Al Jazeera-ն։

Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը ոչ թե ահաբեկչության հովանավոր է, այլ ինքն է դարձել ահաբեկչության զոհ։ Նա հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, և պնդել է, որ Թեհրանի գործողություններն ունեցել են պաշտպանական բնույթ։

Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ երկիրը չի հրաժարվի ինքնապաշտպանության իրավունքից։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսության, դիվանագիտության և բանակցությունների, սակայն ոչ սպառնալիքների կամ «ուժի լեզվի» պայմաններում։

Փեզեշքիանը կրկնել է նաև Իրանի պաշտոնական դիրքորոշումը միջուկային ծրագրի վերաբերյալ՝ հայտարարելով, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել, սակայն պնդում է խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների օգտագործման իր իրավունքի վրա։

Նրա ելույթի ընթացքում ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչները լքել են դահլիճը։