ՔԿՀ-ներում թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարած դատապարտյալները կաջակցեն մյուսներին

Քրեակատարողական հիմնարկներում նշվել է Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը Հունիսի 26-ին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում մասնակցել է Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես է եկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության փոխգնդապետ Էրիկ Ղուկասյանը՝ ներկայացնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական ռազմավարությունը, դրա իրականացման առաջնահերթությունները՝ առանձնահատուկ անդրադառնալով քրեակատարողական համակարգում իրականացվող աշխատանքներին։

Ելույթներով հանդես են եկել նաև ազատազրկված անձինք, որոնք անդրադարձել են թմրամիջոցների կործանարար ազդեցությանն անհատի և հասարակության վրա, պատմել են նաև թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարելու իրենց անձնական փորձի մասին։ Միջոցառումը հատկանշական էր նրանով, որ անցկացվում էր «Հավասարը` հավասարին» ծրագրի շրջանակներում։ Քրեակատարողական ծառայության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ իրականացվող այս ծրագրով Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկների ազատությունից զրկված անձանց շրջանում անցկացվել էին վերապատրաստումներ հավասարը` հավասարին մեթոդով ուսուցում իրականացնելու նպատակով։

Վերապատրաստումներին մասնակցել էին այն դատապարտյալները, որոնք հաղթահարել էին թմրամիջոցներից կախվածությունը և կիրառելով հավասարը՝ հավասարին մեթոդաբանությունը՝ իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու են այլ ազատազրկված անձանց՝ նպաստելով նրանց իրազեկվածության բարձրացմանը և վերասոցիալականացման գործընթացին։ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը նշել է, որ թմրամիջոցների շրջանառությունն ու օգտագործումը շարունակում են մնալ քրեակատարողական համակարգի ամենաբարդ մարտահրավերներից մեկը։